Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն դեմ կլինի սահմանադրական բարեփոխումներին, եթե իրենց առաջարկները չներառվեն


ՀՅԴ-ում կարծում են, որ Սահմանադրությունն իրենց առաջարկներով բարեփոխելու դեպքում իշխանության վերարտադրվելու հնարավորությունը կնվազի:

Դաշնակցությունը ևս կարող է դեմ արտահայտվել Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին՝ եթե այդ փաթեթում իրենց առաջարկները չներառվեն:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով, կուսակցությունն ընդամենը կողմ է Սահմանադրությունը բարեփոխելու գաղափարին, ինչը չի նշանակում, որ սատարելու են հանրաքվեի դրված ցանկացած նախագիծ:

«Որևէ ձևով կաշկանդված չենք մեր պահվածքի մեջ և դեմ հանդես կգանք նույն սահմանադրական փոփոխություններին», - ասաց Մինասյանը:

Շրջանառության մեջ դրված հայեցակարգի նախագծում արդեն իսկ կան դրույթներ, որոնց Դաշնակցությունը սկզբունքորեն դեմ է: Օրինակ՝ խորհրդարանում պարտադիր մեծամասնություն ձևավորելու առաջարկը, երբ ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմնում անպայման պետք է ծանրակշիռ մեծամասնություն գա իշխանության:

«Երբ որ մենք խնդիր ենք դնում երկրում արհեստական մեծամասնություն ձևավորելու, դա բերում է միշտ իշխանության վերարտադրության», - նշեց ՀՅԴ պատգամավորը:

Դաշնակցությունում կարծում են, որ եթե անգամ հնարավոր չէ բացառել իշխանությունների վերարտադրությունը, ապա մայր օրենքը իրենց առաջարկներով բարեփոխելու դեպքում գոնե հնարավորությունը կհասցվի նվազագույնի:

Արծվիկ Մինասյանն ասում է, թե որևէ իրական հիմք չունեն ընդդիմադիրների մտահոգություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանի խոսնակի պաշտոնն է ցանկանում ստանձնել» - «Գործող նախագահը 2017 թվականին գործող նախագահ է մինչև 2018 թվականը: Այսինքն, առաջիկա պառլամենտական ընտրություններում եթե բնականոն ընթացք է գնում, նախագահը չի կարող հրաժարվել երկրի նախագահի պաշտոնից, թե ինչ է գա Ազգային ժողովի նախագահ: Անգամ եթե հրաժարվի ու գա, դա նշանակում է, հակառակը՝ ավելի շուտ մենք հասանք պառլամենտական հանրապետության ձևավորմանը»:

Կուսակցությունը, մասնավորապես, պահանջելու է Սահմանադրությամբ ամրագրել ընտրական լիակատար անկախ մարմնի ձևավորումը և քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը․ - «Էսօրվա գործող Սահմանադրության մեջ չկա որևէ անձ, որը պատասխանատու է կեղծիքների համար»:

Առաջարկների փաթեթը կուսակցությունը մտադիր է ներկայացնել հանձնաժողովին հոկտեմբերի 15-ից հետո, երբ փաստաթուղթը Սերժ Սարգսյանի սեղանին կդրվի: Արծվիկ Մինասյանը լիահույս է, որ հանձնաժողովի հետ աշխատանքը ձևական չի լինի, իսկ եթե մեծ համախմբմամբ պահանջեր դնեն, ավելի մեծ զիջումներ իշխանություններին կպարտադրեն: Ուստի հիմա, ըստ պատգամավորի, ճիշտ չի ընկալվի, եթե քառյակը մարզային այցելություններում բոլոր չորս ուժերի անունից դեմ խոսի սահմանադրական բարեփոխումներին:

Քառյակը հեղափոխություն անելու համար չի ձևավորվել, և Արծվիկ Մինասյանը տրամաբանություն չի տեսնում ամեն գնով հանրաքվեն տապալելու մեջ․ - «Եվ քանի դեռ չկա սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը, ինչի՞ն ենք դեմ»:

Իշխող Հանրապետականը նույնպես չի հասկանում, թե ընդդիմադիրներն ինչին են դեմ: Խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասում է, որ ցանկացած առաջարկություն լսելի է դառնալու․ - «Դեռ հստակ ներկայացված նախագիծ չկա, ընդամենը քննարկումներ են ընթանում»:

Հանրապետականը չի բացառում, որ իրենք էլ առաջարկների փաթեթ ներկայացնեն:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե ուզում են հավերժացնել իրենց իշխանությունը, Մելիքյանն արձագանքեց․ - «Դա առողջ չէ, դա հիվանդ երևակայության հետևանք է միայն: Այդ բոլոր ուժերը ժամանակին պահանջում էին սահմանադրական բարեփոխումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG