Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը պնդում է, որ իր այցը Միացյալ Նահանգներ տապալվել է: Հիշեցնեմ, վերջին մի քանի օրերին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սուր վիճաբանության մեջ էին այն ներգրավվել հարցի շուրջ, թե ով պետք է ներկայացնի Վրաստանը սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում:

«Վրաստանի նախագահի այցը Միացյալ Նահանգներ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով, տապալվել է: Ես այսօր առավոտյան տեղեկացա, որ լուրջ ջանքեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ: Նման քայլերն արվում են ոչ թե պետական այլ զուտ գերատեսչական շահերից ելնելով: Եթե մենք շարունակենք շարժվել այս ուղղությամբ` մոնոպոլիզացնելով իշխանության այս կամ այն թևը, ի վերջո կստանանք այն ամենն ինչ մեզ դուր չէր գալիս Սաակաշվիլիի վարչակազմում», - հայտարարեց Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախագահի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ երկրի ամենահարուստ մարդը՝ նախկին վարչապետ, «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին՝ «Քվիրիս Պալիտրա» թերթին տված հարցազրույցում միանշանակորեն պաշտպանեց Իրակլի Ղարիբաշվիլիի մոտեցումները` հայտարարելով, թե Վրաստանի նախագահը Նյու-Յորք չպետք է մեկնի:

«Խորհրդարանական հանրապետությունում առաջատար դերը վերապահված է վարչապետին: Ես հնարավորություն եմ ունեցել տեսնելու այն պետական գործիչների ցանկը, ովքեր պատրաստվում են մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին: Նյու Յորք է մեկնում Գերմանիայի կանցլեր Մերկելը, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, Մեծ Բրիտանիայի վարչապետը: Դա է խորհրդարանական կառավարում ունեցող պետությունների սահմանադրությունը, դա է իրականությունը», - հայտարարեց Իվանիշվիլին:

Վրացական ընդդիմությունը արդեն իսկ քննադատում է Մարգվելաշվիլիի շուրջ վերջին զարգացումները:

«Մենք հայտնվել ենք մի ամոթալի իրավիճակում, երբ երկրի նախագահի արտերկրյա այցը կարող է տապալվել օլիգարխի կողմից», - հայտարարում է ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության խմբակցության անդամ Սերգո Ռատիանին: Մեկ այլ ընդդիմադիր պատգամավորի` Դավիթ Դարչիաշվիլիի համոզմամբ, ստեղծված իրավիճակը դասական կառավարական ճգնաժամ է:

XS
SM
MD
LG