Մատչելիության հղումներ

Պատգամավորներն առաջարկում են սահմանափակել ԴԱՀԿ-ի լիազորությունները


ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանը, արխիվ

ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանը, արխիվ

Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է ԴԱՀԿ-ին թույլ տալ արգելանք դնել քաղաքացու ոչ թե ամբողջ դրամական միջոցների վրա, այլ՝ միայն տուգանքի ենթակա գումարի չափով:

Ազգային ժողովում երեկվանից մեկնարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը:

Այս տարվա հունվարից հարյուր հազարավոր վարորդներ հայտնվեցին ԴԱՀԿ-ի «սև ցուցակում»․ նույնիսկ մի քանի հազար դրամ վարչական տուգանքի համար վարորդների բանկային հաշիվների վրա արգելանք դրվեց՝ առանց դատարանի վճռի:

Շատ դեպքերում վարորդները տեղյակ չեն եղել վարչական խախտման մասին, որոշ դեպքերում նույնիսկ թյուրիմացությամբ կամ տեխնիկական վրիպակի պատճառով է արգելանք դրվել քաղաքացու ամբողջ հաշվեհամարին:

Ո՞վ է պատասխան տալու․ այս հարցը ԴԱՀԿ-ի գործողությունների արդյունքում տուժած վարորդները բարձրացրել են, բայց այն անպատասխան է մնացել: Վարորդներից ոմանք պնդում են, թե արտերկրում գտնվելիս չեն կարողացել իրենց բանկային հաշիվներից օգտվել:

Թե ԴԱՀԿ-ի այս գործողությունները որքանով են համապատասխանում Սահմանադրությանը՝ պարզ կդառնա նոյեմբերի 25-ին, երբ ՍԴ-ն հրապարակի որոշումը:

Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է սահմանափակել ԴԱՀԿ-ի լիազորությունները՝ թույլ տալով արգելանք դնել քաղաքացու դրամական միջոցների վրա միայն տուգանքի ենթակա գումարի չափով: Բացի այդ, նախատեսվում է նաև քաղաքացուն պատճառած վնասի փոխհատուցում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով, քաղաքացին ինքն է որոշելու՝ համաձայնի՞ առաջարկվող փոխհատուցմանը, թե՞ դիմի դատարան ու ապացուցի, որ վնասի չափն ավելին է:

«Թող քաղաքացին ինքն ընտրի: Եթե ինքը գտնում է, որ ուշացման պատճառով իրեն պատճառված վնասի համար տույժի 0.1 տոկոսը բավարար է, թող վերցնի տույժը և հրաժարվի հետագա վիճարկումից: Բայց եթե քաղաքացին գտնում է, որ իրեն ավելի մեծ վնաս է պատճառվել, ինչո՞ւ ենք մենք նրան զրկում դատական կարգով վիճարկելու իրավունքից», - ասաց Ջհանգիրյանը:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե ուսումնասիրել է միջազգային փորձը և եկել այն համոզման, որ այս հարցում ևս «մենք ունիկալ ենք»․ - «Աշխարհում չկա մի երկիր, որտեղ Սահմանադրությունը թույլ չի տալիս արտադատական կարգով քաղաքացուն զրկել իր սեփականությունից, բայց դատական ակտերի հարկադիր կատարողները փոխանցում են բանկերին, և քաղաքացին զրկվում է իր սեփականությունից»:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով, ԴԱՀԿ-ն պետք է պատասխան տա իր կողմից թույլ տրված «սխալմունքի» համար:

Պատգամավորը նաև աբսուրդ որակեց ԴԱՀԿ-ի կատարողական ծախսերի համար պարտապանից գանձվող գումարների չափը ու առաջարկեց այն կրճատել․ - «Տարեցտարի ավելի մեծ գումարներ են բռնագանձվում: Եթե տեսնեք, թե ինչ մեծ գումարներ են բռնագանձվում, սա ուղղակի անթույլատրելի է: Սա ևս մի միջոց է, որով մեր ժողովրդից գումարներ են հավաքագրվում», - իր ելույթում ասաց Մարուքյանը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, ստեղծվել են պայմաններ, որ ամեն կերպ տուգանեն քաղաքացուն: Որպես հիմնավորում նա տվյալներ հրապարակեց․ մեկ տարվա ընթացքում 1.5 մլն վարչական տուգանքի որոշում է կայացվել: Ու հարցրեց․ - «Ո՞ր վարչական ակտով է, որ որոշվում է, օրինակ, տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի տեղադրումը: Ո՞վ է որոշում, որքա՞ն է այդ որոշումը համապատասխանում վարչարարության հիմնարար սկզբունքներին: Ո՞ր ակտերով են որոշվում արագության չափերը, ի՞նչ կանոնների հիման վրա»:

Պատգամավորն ասաց, թե Եվրոպան և նույնիսկ Ռուսաստանը վաղուց են հրաժարվել վարչական պատասխանատվության ենթարկելու այս մեթոդից:

Պատգամավորները հիմնականում օրենքի փոփոխությանը կողմ էին, և հարցի քննարկման ավարտին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց․ - «Հարցի քննարկումն ավարտվեց, պարզապես ստացվեց, որ դեմը ընդդեմը չի, համենայնդեպս»:

XS
SM
MD
LG