Մատչելիության հղումներ

Օբամայի արտաքին քաղաքականության վարկանիշը ընկել է. Հարցում


Ռուսաստան -- Օբաման և Պուտինը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում, 5-ը սեպտեմբերի, 2013

Ռուսաստան -- Օբաման և Պուտինը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում, 5-ը սեպտեմբերի, 2013

«Տրանսատլանտյան միտումներ 2014» հարցումներն անցկացվել են Միացյալ Նահանգներում, եվրոպական 10 երկրներում և Թուրքիայում:

Զեկույցը ներկայացնում է գլոբալ միտումների նկատմամբ հարցվածների վերաբերմունքը։

Օբամայի արտաքին քաղաքականության վարկանիշը թե ԱՄՆ-ում, թե Եվրոպայում ընկել է: Առաջին անգամ ամերիկացիների մեծ մասը՝ 53 տոկոսը, հավանություն չի տալիս Օբամայի արտաքին քաղաքականությանը, պաշտպանում է 43 տոկոսը: Իսկ Եվրոպայում Օբամայի արտաքին քաղաքականության վարկանիշը միջին հաշվով ընկել է 5 տոկոսով՝ 69 տոկոսից իջել է 64-ի, ամենաբացասական արդյունքը գրանցվել է Գերմանիայում։ Օբամայի արտաքին քաղաքականության վարկանիշը այստեղ ընկել է 20 տոկոսով: Վերլուծաբանները սա կապում են նաև լրտեսական սկանդալների հետ:

Տրանսատլանտյան հարաբերություններում եվրոպացիների մեծ մասը, հատկապես գերմանացիները ցանկանում են ավելի անկախ քաղաքականություն վարել:

Ամեն դեպքում, տրանսատլանտյան գործընկերները՝ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա միմյանց դրական են վերաբերվում, միջազգային ասպարեզում դրական են գնահատում ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդությունը։ Անվտանգություն ապահովելու համար երկու կողմերում էլ մեծամասնությունը՝ եվրոպացիների 61 տոկոսը ու ամերիկացիների 58 տոկոսը կարևոր է համարում ՆԱՏՕ-ի դերակատարությունը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ամերիկացիների ու եվրոպացիների մեծ մասը Ռուսաստանին ընկալում է որպես անբարենպաստ երկիր, պաշտպանում են Ուկրաինայի տնտեսական ու քաղաքական աջակցությանը: Ամերիկացիների մեծ մասը ցանկանում է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնա, եվրոպացիների մեծամասնությունը Ուկրաինային տեսնում է Եվրամիության կազմում:

Հարցվածների 2/3-ը համաձայն է, որ Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառվեն: Սակայն ռազմական օգնության հարցում երկու կողմում էլ կարծիքները բացասական են։ Եվրոպացիների շուրջ 70 տոկոսը և ամերիկացիների 52 տոկոսը դեմ է, որ Ուկրաինային սպառազինություն ու ռազմական աջակցություն տրամադրվի:

Ռուսաստանի հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ռուսների մեծամասնությունը գտնում է, որ Ռուսաստանը պետք է շարունակի ազդեցություն ունենալ Ուկրաինայի վրա, նույնիսկ եթե դրա պատճառով Եվրամիության հետ հակամարտության ռիսկեր առաջանան: Ռուսաստանում հարցվածներից 5-ից 4-ը գտնում է, որ միջազգային ասպարեզում իր երկիրը պետք է սեփական արտաքին քաղաքականություն վարի:

Թուրքիայում վերջին 7 տարիների ընթացքում՝ 2006 թվականից ի վեր առաջին անգամ, թուրքերի մեծամասնությունը կարծում է, որ Եվրամիությանը անդամակցելը դրական կլինի Թուրքիայի համար:

Հարցումները անցկացրել է գերմանական Մարշալի հիմնադրամը հունիսի 2-26-ը: Հիմնադրամի նախագահ Կարեն Դոնֆրիդն ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների մարտահրավերները և Մերձավոր Արևելքով մեկ ճգնաժամը ընդգծում են տրանսատլանտյան համագործակցությունը ամրապնդելու կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG