Մատչելիության հղումներ

«Ոչ ցեղասպանություններին» կարգախոսով երթ դեպի Ծիծեռնակաբերդ


Հայաստան- Եզդիները բողոքի ակցիայի ժամանակ Կառավարության շենքի առջև, Երևան, օգոստոս, 2014թ․։
Հայաստան- Եզդիները բողոքի ակցիայի ժամանակ Կառավարության շենքի առջև, Երևան, օգոստոս, 2014թ․։

Եզդիական կազմակերպության անդամները փոխանցեցին, որ այսօր երթեր են նախատեսված նաև ԼՂ-ում և Ֆրանսիայում:

Այսօր երեկոյան Ազատության հրապարակից մի շարք եզդիական և հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ երթով կուղևորվեն դեպի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր։ Երթի նպատակը ցեղասպանություններին ոչ ասելն է։

Նախաձեռնության անդամներ Նելլի Գիշյանը և Խդր Հաջոյանը պատմեցին, որ երթի ընթացքում ոչ մի կոչ չի հնչելու, իսկ ամբողջ ընթացքում այն առաջնորդելու են ջահերով 40 երիտասարդները, որը խորհրդանշում է եզդիների արդեն 40 օր շարունակվող ցեղասպանությունը։

«Երկու զուգահեռներով ենք անցկացնում, և հայկական ցեղասպանությունն է այստեղ շատ շեշտված և իհարկե թարմ, և 21-րդ դարում տեղի ունեցող այս ոճրագործությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նելլի Գիշյանը:

«Այսօր նույն ժամին երթ տեղի կունենա նաև Լեռնային Ղարաբաղում և Ֆրանսիայում», - փոխանցեց Խդր Հաջոյանը:

Երթին մասնակցելու են նաև Հայաստանի տարբեր հատվածներում բնակվող եզդիներ: Այդ նպատակով նրանք ժամանել են Երևան։ Մասնակցելու հրավերներ են ուղարկվել նաև կուսակցություններին։ «Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնության անդամները պատմեցին, որ այսօր նաև ուղերձներ են հանձնել Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին, որտեղ, ներկայացնելով եզդիների հետ կատարվող իրադարձությունները, կոչ են անում այդ երկրներին դատապարտել այս ցեղասպանությունը։

Երթի ավարտին Հայոց մեծ եղեռնի հուշահամալիրում երկու ծաղկեպսակ է դրվելու՝ ի հիշատակ հայ և եզդի ժողովուրդների ցեղասպանության զոհերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG