Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը նշում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 13-րդ տարելիցը, երբ ահաբեկչական նոր հարձակումների վտանգը ոչ միայն չի նվազել, այլ ավելի է աճել՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործողությունների տարածմանը զուգահեռ։

ԱՄՆ-ում սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումների նկատմամբ վերաբերմունքն այս տարի առանձնահատուկ է, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Իրաքում ու Սիրիայում, այն բռնությունները, որոնք թույլ է տալիս «Իսլամական պետություն» խմբավորումը, խոսում են ահաբեկչության վտանգի մեծացման մասին։

Ամենամտահոգիչն այս խմբավորմանը Ամերիկայից ու եվրոպական երկրներից անդամակցողների թիվն է, քանի որ, ինչպես փորձագետներն են ասում, հենց այս մարդիկ կարող են Ամերիկա ու Եվրոպա վերադառնալուց հետո իրականացնել ահաբեկչական հարձակումներ՝ ունենալով համապատասխան անձնագրեր ու հեշտությամբ մուտք գործելով այդ այդ երկրներ։

Մեծ Բրիտանիան սպառնալիքի մակարդակը բարձրացրեց «ծայրահեղ» աստիճանի, ինչը նշանակում է, որ հարձակման վտանգը մոտալուտ չէ, սակայն՝ շատ հավանական։

Պատճառը, ինչպես ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն է ասում, կապված է այն զինյալների թվի հետ, ովքեր ունեն բրիտանական անձնագրեր։

Չնայած ԱՄՆ-ի հայրենիքի անվտանգության նախարարությունը չունի «Իսլամական պետության» կողմից սպառնացող ահաբեկչական հարձակման մասին որևէ տեղեկություն, փորձագետներից շատերն են ասում, որ սեպտեմբերի 11-ի պես տարելիցներն ահաբեկիչների համար իրենց քարոզարշավը տանելու հարմար օրեր են։

Հիշեցնենք, որ Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա երկու տարի առաջ իրականացված հարձակումը տեղի ունեցավ հենց սեպտեմբերի 11-ին։

Եվ ինչպես Պոտոմակի հաստատության վերլուծաբաններից Յոնահ Ալեքսանդերն է նշում, ԱՄՆ-ի նկատմամբ ահաբեկչության վտանգը շարունակում է աճել։ Նա հիշեցնում է Սոմալիի «Ալ Շաբաբ» կազմակերպության սպառնալիքներն այն մասին, որ շուտով ԱՄՆ-ի դեմ այնպիսի գործողությունների է դիմելու, ինչպիսիք տեղի չեն ունեցել ոչ Իրաքում, ոչ էլ՝ Աֆղանստանում։ Իսկ եթե այս խմբավորումն ունենա ամերիկացի կամ եվրոպացի անդամներ, նրանց միջոցով ահաբեկչական ռումբեր կուղարկի այդ երկրներ։

American Enterprise հաստատության վերլուծբան Քեթրին Ցիմերմանի խոսքերով, ահաբեկչական մի շարք խմբավորումներ մի շարք նորարարություններ են կատարել, որպեսի այդ ռումբերը չհայտնաբերվեն մետաղորսիչ սարքերի կողմից։

Նման առաջին ռումբը հայտնաբերվեց ԱՄՆ-ում, որը սակայն մինչև այստեղ հասնելը, անցել էր եվրոպական մի շարք երկրներով։

ԱՄՆ-ի իշխանությունները վստահ են, որ անվտանգության ներկա միջոցառումների արդյունքում այս տարվա սեպտեմբերի 11-ը կանցնի խաղաղ։ Բայց այն, որ ահաբեկիչները կարող են փոխել հարձակման ամսաթիվը, բացառված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG