Մատչելիության հղումներ

Սկսել են արթնանալ հույսեր, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ռազմավարության մասին Օբամայի կողմից հրապարակվելիք հայտարարությունը կմատնանշի համաշխարհային բեմահարթակում ԱՄՆ-ի հստակ գործողությունների մի ծրագիր։

«Իսլամական պետություն» ծայրահեղ մահմեդական շարժումն արդեն իսկ գրավել է լայնածավալ տարածքներ Իրաքում, ինչը թույլ է տալիս ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսականներին ու մեծաթիվ վերլուծաբանների սուր քննադատության ենթարկել համաշխարհային ճգնաժամերում նախագահ Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը։

Ինչպես հանրապետական սենատոր Թեդ Քրուզն է ասում, իրենց չեն բավարարում այստեղ կամ այնտեղ ԱՄՆ-ի կողմից արձակված մեկ հրթիռի կամ նետված մեկ ռումբի մասին մամլո հաղորդագրությունները։ Նա պահանջում է, որ այդ մի քանի ռումբից բացի, ԱՄՆ-ը ունենա ազգային իր անվտանգությունը երաշխավորելու մասին լուրջ ռազմավարություն։

Օբաման զերծ չի մնում նաև իր իսկ կուսակից կոնգրեսականների մեղադրանքներից։ Սակայն ինչպես «Ամերիկյան առաջընթացի կենտրոն» հաստատության վերլուծաբան Քեն Սոֆերն է ասում, նախագահ Օբամայի ամենակարևոր հատկանիշներից մեկն այն է, որ դժվար պահերին նա անմիջապես չի ընկնում շուտափույթ որոշումներ ընդունելու սխալ ընթացքի տակ, և ավելի խորունկ է նայում դեպքերին, որոնց արդյունքում է միայն կայացնում ԱՄՆ-ի շահերին համապատասխան որոշումներ։

Այլոք սա համարում են Օբամայի թուլության նշան, նրա նման մոտեցումը համարելով չափից ավելի զգուշավորություն, իսկ անմիջապես ռազմական գործողություններ չսկսելու հանգամանքը դիտում, որպես համաշխարհային բեմահարթակում ԱՄՆ-ի թերի մասնակցություն։

Նման տեսակետներն ի դեպ տարածվում են այն պահին, երբ մյուս երկրներն անհամբեր սպասում են «Իսլամական պետության» դեմ գործողությունների դիմելու հարցում ԱՄՆ-ի առաջատար դիրքին։ Նման դիրք են նրանք ակնկալում նաև ուկրաինական ճգնաժամի հարցում։

Ինչպես «Բրուքինգզ» հաստատության վերլուծաբան Մայքըլ Օ’Հենլոնն է ասում, Օբաման հիմա լավ ըմբռնում է, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ը նման հարցերում ունի այլ երկրների աջակցությունը, միևնույնն է, չկա որևէ մեկ այլ պետություն միջազգային համակարգում, որը նման հարցերում կարողանա գրավել գլխավոր այն դերը, որը մինչ այժմ տրված է եղել ԱՄՆ-ին։

Սակայն ինչպես Սպիտակ տունն է հայտարարում, նախագահը դեռևս շարունակում է որոնել գործընկերներ, որոնք պատրաստ կլինեն միասին պայքարել «այս սպառնալիքի» դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG