Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը «կորոշվի» հոկտեմբերի 10-ին


Հոկտեմբերին Հայաստանը կանդամակցի Եվրասիական միությանը
please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը այսօր հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին:

«Այդպես է նախատեսված, որ այդտեղ պիտի որոշվի անդամակցության հարցը: Բանակցային պրոցեսը տնտեսական ոլորտով արդեն ավարտված է, և մենք առաջարկներ մեր գործընկեր երկրներից չունենք», - լրագրողներին այսօր ասաց նախարարը։

Նա նաև պնդեց, թե Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանին չեն առնչվի․ - «Մաքսային միության մեջ աշխատելու առումով խնդիր չենք տեսնում»:

Հարցին՝ քոչարյանական ժամանակաշրջանն իսկապե՞ս հիշվում է տնտեսական աճով, ինչպես Ռոբերտ Քոչարյանի մասին օրերս ցուցադրված ֆիլմի հեղինակներն են պնդում, երկրորդ նախագահի պաշտոնավարման 10 տարիներից 9-ի ընթացքում Արդյունաբերության և առևտրի, ապա Առևտրի և տնտեսական զարգացման նախարարների պաշտոնները զբաղեցրած Ճշմարիտյանը արձագանքեց․ - «Չե՞նք ունեցել: Տնտեսական հաջողությունները անընդհատ պրոցես են, և ընդհանուր տնտեսական քաղաքականության ծիրում եթե դիտարկում ենք, ամեն ժամանակաընթացք ունի իր առանձնահատկությունները՝ կապված և՛ համաշխարհային տնտեսության զարգացման հետ, և՛ ընդհանրապես Հայաստանի տնտեսության զարգացման, ճյուղային զարգացման, ընդհանուր զարգացման․․․ Այսինքն այստեղ ձեր ձևակերպումը այնքան էլ տեղին չէ, որովհետև այդ դինամիկ զարգացումը շարունակվում է»:

Պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Կառավարությունը արդյունավետ կառավարիչ է փնտրում Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) համար: Նրա խոսքով՝ կառույցի նշանակությունը չի փոխվի, ՄՀՀ-ն կշարունակի կրել Կարեն Դեմիրճյանի անունը:

Համալիրի ճակատագիրը պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին (ՀԱԿ) էր հետաքրքրում․ - «Այնպես չէ, որ մենք դեմ ենք, որ նման հոյակերտ կառույցը պետության տնօրինության տակ մտնի: Բայց անհասկանալի է, թե ինչու Պաշտպանության նախարարության և ոչ Սպորտի կամ Մշակույթի»:

Դավիթ Հարությունյանն արձագանքեց․ - «Իրականում, իհարկե, Պաշտպանության նախարարությունը չէ: Եվ ընդհանրապես, մեր կարծիքով, որևէ պետական կառույց չէ, որ կարող է արդյունավետ կառավարել այդ հոյակերտ շենքը: Սա պետք է լինի իսկապես ձեռնարկատիրական գործունեություն: Մենք որոնելու ենք ուղիներ, որպեսզի գտնենք արդյունավետ կառավարիչ, կամ վարձակալ, կամ անձ, որը կգնի: Բայց գումարները, որոնք մենք ստանալու ենք, ուղղելու ենք երկրի պաշտպանունակության բարձրացմանը: Դրանով է պայմանավորված այն, որ մենք ամրագրել ենք դա Պաշտպանության նախարարության բալանսում»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը պնդեց, թե էներգետիկայի բնագավառում կոռուպցիոն ռիսկերը պահպանվում են: Նրա խոսքով՝ մարդիկ, նաև քաղաքական որոշ ուժեր բացահայտման հույսեր էին կապում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման հետ, այնինչ նրա պաշտոնամուտից հետո այդ պրոցեսները շարունակվում են, անգամ խորացել են․ - «Գազի գնի թանկացումը և գազաֆիկացումը բերում է սպառողների կրճատման: «Նաիրիտ»-ի պարտքը փակում ենք մասնավորի փոխարեն պետական ձեռնարկությունների հաշվին, ատոմակայանի հաշվին, «Որոտան»-ի հաշվին: Նույն Վանաձորի «Քիմպրոմ»-ի հետ կապված՝ ո՞վ է այդ հիմնարկի սեփականատերը, ո՞ւմից գնան պահանջեն իրենց 12 ամսվա աշխատավարձը: Այս խնդիրները ինչքա՞ն կարելի է գլորելով առաջ տանել և լուծում չտալ»:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պատասխանը․ - «Բոլոր Ձեր նշած հարցերի վերաբերյալ բավականին ծավալուն աշխատանք է կատարվել Կառավարության կողմից՝ կապված կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հետ, կապված կորուստների հետ, որոնք բավականին բարձր են: Կապված «Նաիրիտ»-ի հետ․ արվելու է ամեն ինչ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար։ Մեկ ամսվա աշխատավարձ կվճարվի մինչը նոյեմբերի 15-ը: Կապված «Քիմպրոմ» ձեռնարկության հետ․ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Քիմպրոմ»֊ի հետ այնքան է առնչվում այսօր, ինչքան Գյուղատնտեսության կամ Առողջապահության նախարարությունները: «Քիմպրոմ» ձեռնարկությունը 100 տոկոսանոց մասնավոր կառույց է»:

Արամ Մանուկյանը, սակայն, հայտարարեց, որ հարցերը վարչապետին էր ուղղել: Հովիկ Աբրահամյանը, սակայն, ամբիոնին չմոտեցավ, ինչը պատգամավորն ընկալեց որպես իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG