Մատչելիության հղումներ

Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Ադրբեջան՝ «պատմական իրադարձություն»


Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոն
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոն

«Պատմական իրադարձություն»` իսրայելական և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ այսպես են բնութագրում Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի երեկ մեկնարկած պաշտոնական այցը Բաքու:

1991 թվականից` Ադրբեջանի անկախացում ի վեր, սա Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Բաքու: Երեկ ողջ օրվա ընթացքում Մոշե Յաալոնը բանակցում էր Ադրբեջանի ղեկավարության հետ:

Նրան ընդունեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Բանակցությունների մանրամասները չեն հստակեցվում, միայն Իսրայելի հեռուստատեսության 7-րդ ալիքն է տեղեկացնում, որ Մոշե Յաալոնը Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է երկու պետությունների միջև ռազմավարական և ռազմատեխնիկական համագործակցության խորացման հեռանկարները:

Իսրայելը ռազմատեխնիկական ոլորտում արդեն իսկ Ադրբեջանի գլխավոր գործընկերներից մեկն է: 2012 թվականին երկու երկրները սպառազինությունների ոլորտում մեծածավալ համաձայնագիր կնքեցին, որի ընդհանուր արժողություն էր շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դոլար: Այդ մի գործարքի շրջանակներում Ադրբեջանը իսրայելական ընկերություններից ձեռք բերեց մի շարք ժամանակակից սպառազինություններ ու սարքավորումներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր:

Չի բացառվում, որ առաջիկա օրերին Ադրբեջանն ու Իսրայելը սպառազինությունների ձեռքբերման շուրջ նոր համաձայնագրեր կնքեն: Այսօր Բաքվում մեկնարկել է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ADEX 2014 ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 170 ընկերություն աշխարհի ավելի քան 30 պետություններից:

Իսրայելական կողմի մասնակցությունն այս ցուցահանդեսին բավական պատկառելի է: Բաքվում իրենց արտադրանքն են ներկայացնում Իսրայելում գործող միանգամից 16 ռազմաարդյունաբերական ընկերություններ: Դրանց թվում են անօդաչու թռչող սարեր արտադրող Elbit Systems և Aeronautics ընկերությունները: Բաքվի ցուցահանդեսում իր արտադրանքը կցուցադրի նաև Fibrotex Tech ընկերությունը, որի հիմնական մասնագիտացումը տանկերի, ռազմական օդանավերի և ուղղաթիռների վրա տեղադրվող օպտիկական սարքերն են:

ADEX -ի իսրայելական տաղավարի հանդիսավոր բացումը այդ երկրի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի ադրբեջանական այցի վերջին օրակարգային կետն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG