Մատչելիության հղումներ

Պատգամավորները դատապարտում են ԱԺ անվտանգության ծառայության պետի աշխատաոճը


«Ա1+» հեռուստաընկերությունը իր լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դիմումով Ոստիկանություն չի դիմի:

ԱԺ գլխավոր մուտքի դարպասներին երեկ մի քանի րոպեով հայտնված «Բարև Ռոբ» գրությամբ պաստառը պոկելուց հետո ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը փորձում է հրել «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանին, ով այդ պահին նկարահանում էր կատարում: Վերջինս ներկայանում է, որ լրագրող է, մինչդեռ Հայրապետյանը հարվածում է նրա ձեռքին և գցում նկարահանող սարքը։

«Բարև Ռոբ» գրությամբ պաստառը ԱԺ դարպասին փակցրել էին «Հակահարված» արթ խմբի անդամները: Գրությամբ նրանք ցանկանում էին հիշեցնել, որ 13 տարի առաջ «Առագաստ» սրճարանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Պրիվետ, Ռոբ» դիմելուց հետո սպանվել էր քաղաքացի Պողոս Պողոսյանը։

Ակցիայի մասին ռեպորտաժ նկարահանող լրագրողի հետ կապված միջադեպից հետո ԱԺ անվտանգության ծառայության պետը արդարանում էր, որ ոչ թե բռնություն է գործադրել, այլ պարզապես ձեռքով ասել է լրագրողին, որ մի կողմ տանի տեսանկարահանող սարքը։

«Ա1+» հեռուստաընկերությունը փնտրում է իրենց լրագրողի աշխատանքը խոչընդոտած Կարեն Հայրապետյանին։ Հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի կարողանում հասկանալ, թե այդ ինչ վտանգ էր ներկայացնում 20 տարեկան աղջիկը ԱԺ անվտանգությանը, որ Կարեն Հայրապետյանը որոշեց բռնություն կիրառել նրա նկատմամբ։ Ոստիկանություն «Ա1+»-ը չի դիմի. Մովսեսյանը դա անիմաստ է համարում։

«Նույն ոստիկանությունը հենց նույն կերպ է պահում իրեն լրագրողների հետ: Մենք ունենք հարյուրավոր օրինակներ», - ասաց Մովսեսյանը:

«Ա1+»-ի նախագահը կարևորում է, որ հարցով զբաղվեն լրագրողները և անընդհատ հիշեցնեն այս մարդու մասին։

Միջադեպի մասին այսօր խոսվեց նաև ԱԺ դարպասներից ներս։ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին կոչ է արել զբաղվել այս հարցով։

«Որպես ԱԺ պատգամավոր դատապարտում եմ խստորեն ԱԺ աշխատակցի նման գործելակերպը և կարծում եմ, որ հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, բայց մինչ այդ, պարոն Սահակյան, կարծում եմ, որ պատեհ կլինի, որ հանձնարարեք, որպեսզի այս հարցով անցկացվի ծառայողական քննություն», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Փաշինյանի կոչին շատ կարճ արձագանքեց՝ ուրի՞շ:

Թեման շարունակեց «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը: Նա էլ խորհուրդ տվեց անվտանգության աշխատակիցներին հատուկ վերապատրաստման ուղարկել, որ ավելի հանդուրժող լինեն՝ ավելացնելով, որ այս հարցում կարող է օգնել նաև ինքը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, թե դեպքի մանրամասներին տեղյակ չէ, առաջին անգամ այդ մասին տեղեկացավ պատգամավորների ելույթներից, բայց չնայած դրան, ցանկացած նման դեպք դատապարտում է: Ինչ վերաբերում է ծառայողական քննություն անցկացնելու Նիկոլ Փաշինյանի կոչին, Գալուստ Սահակյանի կարճ արձագանքին, Շարմազանովը ասաց, որ կարծում է՝ հարցը կքննարկվի։

«Անթույլատրելի է ցանկացած ոտնձգություն օրենքի նկատմամբ: Դա կանի լրագրողը, քաղաքական գործիչը , պաշտոնյան, մեզ համար ընդունելի չէ», - ասաց Շարմազանովը:

Ոստիկանությունում այս հարցով չեն զբաղվում, քանի որ դիմում չի եղել։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ոստիկանությունը առանց դիմումի էլ՝ եղած նյութերով կարող է գործ հարուցել, քանի որ ակնհայտ է, որ պաշտոնյան խոչընդոտել է լրագրողի աշխատանքը։

«Պաշտոնյային կարող է սպառնալ տուգանք, նա կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել իր պարտականությունները գերազանցելու առումով, և այստեղ կարող է հարց ծագել, թե որքանով է նա իր պաշտոնին համապատասխանում», - «Ազատությանը» փոխանցեց Մելիքյանը:

Մելիքյանի կարծիքով՝ շատ կարևոր է, որ նման միջադեպերը համապատասխան արձագանք ստանան, այլապես դրանք շարունակվելու են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG