Մատչելիության հղումներ

«Ժառանգությունն» առաջարկում է վերացնել տարկետման իրավունքը՝ «փողատերերի» զավակներին բանակ ուղարկելու համար


Ուսանողների կարծիքով՝ մեծահարուստների երեխաները բանակից խուսափելու այլ ճանապարհներ էլ կգտնեն:

Հիմնականում նաև մեծահարուստների տղաներին բանակ ուղարկելու համար, «Ժառանգությունն» առաջարկում է վերացնել տարկետման իրավունքը:

Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նախորդ շաբաթ Ազգային ժողովում հայտարարեց, որ իրենց կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել տարկետման իրավունքը, հնարավորություն կտա բանակը համալրել «ուսումը շարունակելու» պատրվակով ծառայությունից խուսափողներով:

«Մեր խնդիրն է այսօր նախ փակել այդ ճանապարհը, ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ հիմնականում օգտվում են դրանից փողատերերի և պաշտոնյաների երեխաներ: Կան այլ ճանապարհներ, դրանք էլ պետք է փակել, բայց բոլոր դեպքերում, այս ճանապարհը շատ ակնառու է», - «Ազատության» հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավարը:

Հակոբյանի խոսքով՝ տարկետման իրավունք կունենան միայն շնորհալի ուսանողները: Հակոբյանը վստահ է, որ գիտությամբ զբաղվողը բանակից հետո էլ կզբաղվի. - «Եթե մեծ ցանկություն կա գիտությամբ զբաղվելու, չեմ կարծում, որ բանակը կարող է խոչընդոտ հանդիսանալ: Առավել ևս, մենք ունենք առաջնահերթություններ. պետությունը պետք է ունենա բանակ, զինվորներ»:

Կրթության և գիտության տրամադրած տվյալների համաձայն՝ այս տարի ասպիրանտուրայի առկա և հեռակա համակարգերում կառավարությունը 379 տեղ է հատկացրել, որոնցից առկա համակարգում հատկացված 104-ում ընդունելությունն արդեն ավարտված է, ու զգալի թիվ են կազմում հենց տղաները:

Մայր բուհում, օրինակ, ասպիրանտուրայի հեռակա համակարգ է դիմել 17 տղա, որոնցից 9-ը բանակից զորացրված են: Պոլիտեխնիկում հայցորդ են ձևակերպվել 5 տղաներ, որոնցից 3-ը բանակից զորացրվելուց հետո են դիմել: Այն, որ ասպիրանտուրա դիմում են հիմնականում տղաները, փաստում են նաև պաշտոնական թվերը:

Բայց «Ազատության» ուսանող զրուցակիցները վստահ են, որ այս որոշումը դժվարացնում է նաև իրապես գիտությամբ զբաղվող ցանկացողների գործը:

«Եթե մարդը երկու ամսում կարող է հետ վարժվել սովորելուն, օրինակ, ամառային արձակուրդներին ես իմ փորձով եմ ասում, բնականաբար, երկու տարում շատ բան կկորցնի», - ասաց ուսանողներից մեկը:

«Ժամանակի տեսանկյունից շատ բան կորում է, ու էդ երկու տարին ավելի լավ նպատակներով կարելի է օգտագործել, որը պետության համար ավելի նպաստավոր կլինի», - նշեց ԵՊՀ-ում սովորող մեկ այլ ուսանող:

Պետհամալսարանի քաղաքագիտության բաժնի մագիստրոս Սևակ Հակոբյանը մտադիր է ուսումը ասպիրանտուրայում շարունակել: Բայց վստահ չէ, որ բանակից վերադառնալուց հետո շատերի մոտ գիտությամբ զբաղվելու ցանկությունը չի մարի:

«Երբ մարդիկ զբաղվում են գիտությամբ, սովոր են, որ անընդհատ շարունակեն, երբ որ դադար լինի, շատերի մոտ գուցե ցանկություն չլինի վերադառնալու այդ կյանքին», - փոխանցեց Հակոբյանը:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս Սիրանույշ Մելիքյանն ասում է, որ իրենց խմբում վերջերս շատ է այս թեման քննարկվել: Կուրսի տղաներն անհանգստացած են, որ չեն կարող ուսումը ասպիրանտուրայում շարունակել, անգամ ծառայությունից հետո:

Մելիքյանը վստահ է, որ մեծահարուստների երեխաները բանակից խուսափելու այլ ճանապարհներ էլ կարող են գտնել, բայց եթե «Ժառանգության» առաջարկած օրենքի նախագիծն ընդունվի, ապա դրանով արհեստականորեն կխոչընդոտվի հենց փոքրաթիվ երիտասարդների՝ գիտությամբ զբաղվելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG