Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 30-ին Գաֆեսճյան (Կասկադի) պուրակում կանցկացվի ազգագրական երգ ու պարի մեկօրյա փառատոն:

Փառատոնին ակնկալվում է հայաստանյան բոլոր ազգագրական համույթների մասնակցությունը: Փառատոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին մի քանի համույթներ հասարակության լայն հատվածներին փառատոնի մասին կիրազեկեն ֆլեշմոբ ակցիայով:

Այսօր հրավիրած ասուլիսում փառատոնի կազմակերպիչները նշեցին, որ իրենց նպատակը ոչ թե սոսկ մեկօրյա ազգագրական փառատոն կազմակերպելն է, այլև այն ավանդական դարձնելը՝ ակնկալելով, որ ամենամյա այդ միջոցառմանը կմասնակցեն նաև Սփյուռքի ազգագրական համույթները:

Կազմակերպիչները մեծ ցանկություն ունեն, որ հետագայում փառատոնը մեկնարկի Ստեփանակերտում, ընդգրկի նաև մարզերը:

Փառատոնի նախաձեռնողներից երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը նշեց, որ հաջորդ տարվանից ծրագրում են, որ փառատոնը կլինի ոչ թե մեկօրյա, այլ մեկշաբաթյա:

Գրիգորյանը նշեց, որ փառատոնի անցկացումը անհնար կլիներ առանց Մշակույթի նախարարի ու Երևանի քաղաքապետի աջակցության:

Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ «Գութան» խորագրով այս փառատոնը հաջորդ տարվանից կընդլայնի իր սահմանները:

XS
SM
MD
LG