Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԳԱ նիստի մասնակցությանը հարցը` Վրաստանում ներիշխանական ճգնաժամի պատճառ


Վրաստանի երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաները` նախագահն ու վարչապետը, արդեն քանի օր է՝ չեն կարողանում որոշել` ով է, ի վերջո, մեկնելու Նյու- Յորք` սեպտեմբերի վերջին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հերթական գագաթաժողովին մասնակցելու համար:

Դեռ հուլիսի սկզբին նախագահ Մարգվելաշվիլիի աշխատակազմը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, նշելով, որ երկրի ղեկավարը ՄԱԿ-ի կենտրոնակայանից պաշտոնական հրավեր է ստացել և պատրաստվում է մասնակցել կլիմայական փոփոխություններին նվիրված նստաշրջանի աշխատանքներին:

Երեկ երեկոյան արդեն իր այս տեսակետը Մարգվելաշվիլին պաշտպանում էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում` միաժամանակ արտաքին գործերի նախարարությանը մեղադրելով անարդյունավետ գործունեության մեջ, որն ի վերջո հանգեցրել է այս ճգնաժամին:

«Ակնհայտ է, որ կառավարության և նախագահի միջև փոխադարձ կապի խնդիր կա: Ես համոզված եմ, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանը պետք է պատշաճ ներկայացվածություն ունենա: Չեմ կասկածում, որ վարչապետն ու նրա թիմը ի վիճակի կլինեն դա անել, բայց դա չի նշանակում, որ հարկավոր է սահմանափակել նախագահին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները», - հայտարարում էր Մարգվելաշվիլին:

Չնայած այս կտրուկ քննադատությանը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու-Յորք մեկնելու ցանկությունից հրաժարվել չի պատրաստվում` նույնպես մատնանշելով երկրի նորացված սահմանադրությունը, որի համաձայն կառավարման լծակների մեծ մասը հենց վարչապետի ձեռքում է:

«Գագաթաժողովին ես եմ մասնակցելու: Պատվիրակության կազմն արդեն որոշված է, մենք այս հարցը ամիսներ առաջ ենք քննարկել կառավարության նիստի ժամանակ և կարող եմ ասել, որ որևէ խոչընդոտ այստեղ չեմ տեսնում», - հայտարարում էր Ղարիբաշվիլին:

Չնայած երկրի վարչապետը որևէ խոչընդոտ չի տեսնում, այնուհանդերձ նյու-յորքյան այցի հետ կապված ներիշխանական ճգնաժամի առկայությունը թաքցնել այլևս անհնարին է: Դրա ամենավառ ապացույցը նորանոր պաշտոնյաների ներգրավվածությունն է նախագահի ու վարչապետի բանավեճին: Իրակլի Ղարիբաշվիլիին իր աջակցությունը հայտնեց նաև գործող կառավարության ամենաառանցքային ներկայացուցիչներից մեկը` պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

«Նյու Յորքում Վրաստանը պետք է ներկայացված լինի մեկ պատվիրակությամբ և այդ պատվիրակությունը պետք է ղեկավարի վարչապետը», - հայտարարում էր Ալասանիան:

Ստեղծված երկիմաստ իրավիճակում ամենադժվարինը, թերևս, արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի վիճակն է: Նախագահի թիմը նրա ղեկավարած գերատեսչությանը մեղադրում է վատ աշխատանքի մեջ, իսկ Փանձիկիձեի անմիջական ղեկավարը` Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարությունից պահանջում է հանգուցալուծել ներիշխանական բնույթ ունեցող ճգնաժամը:

Սա է պատճառը, որ արտգործնախարար Փանջիկիձեն յուրատեսակ միջնորդական առաքելություն է նախաձեռնել կառավարության և նախագահի միջև: Մի քանի ժամ առաջ Փանջիկիձեն ժամանեց նախագահի՝ Հավլաբարում գտնվող նստավայր, փորձելով Մարգվելաշվիլիի հետ դեմ առ դեմ զրույցի միջոցով կանխել Նյու-Յորքում երկու վրացական պատվիրակությունների ի հայտ գալու հեռանկարը:

«Նախագահ Մարգվելաշվիիի հետ մենք շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք` փորձելով այնպիսի մի լուծում գտնել, որ ընդունելի կլինի բոլորի համար և կծառայի երկրի շահերին», - հայտարարեց Փանջիկիձեն` չհստակեցնելով, սակայն, արդյոք կարողացել է համոզել երկրի նախագահին Նյու- Յորք չմեկնել:

«Ակնհայտ է, որ արտգործնախարարի առաքելությունը տապալվել է», - հանդիպման արդյունքները այսպես գնահատեց «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG