Մատչելիության հղումներ

Առաջիկայում հնարավոր կլինի խոսել «ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման մասին»


Առաջիկայում հնարավոր կլինի խոսել «ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման մասին»
please wait

No media source currently available

0:00 0:03:49 0:00

Առաջիկայում հնարավոր կլինի խոսել «ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման մասին»

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանի համոզմամբ, Եվրամիության որոշումը՝ առաջիկա տարիներին մեծածավալ օժանդակություն տրամադրել Հայաստանին, նշանակում է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները շարունակում են զարգանալ և «առաջիկայում հնարավոր կլինի խոսել հարաբերությունների խորացման մասին»:

Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում սեպտեմբերի 8-ին հրապարակված հաղորդագրության համաձայն, հանձնաժողովը Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի՝ 2014-2017թ.թ․ ընթացքում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Այս գումարը Հայաստանին է հատկացվում մասնավոր հատվածի զարգացման, հանրային կառավարման և արդարադատության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու համար:

«Եվրամիության նոր ձևավորվող քաղաքական ղեկավարության պաշտոնամուտից հետո արդեն իսկ հնարավոր կլինի խոսել Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման մասին՝ ուսումնասիրելով, գտնելով բոլոր այն ոլորտները, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում և որոնք հնարավոր է լինելու զարգացնել»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Զաքարյանը։

Անցած սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունը, թե Երևանը ցանկանում է միանալ Կրեմլի նախաձեռնած Եվրասիական միությանը, շատերի գնահատմամբ՝ ճգնաժամ առաջացրեց Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում: Երևանը, փաստորեն, մեկ օրում հրաժարվեց Բրյուսելի հետ ավելի քան 3 տարի բանակցված և հաջողությամբ ձեռք բերված արդյունքներից:

Եթե հարևան Վրաստանը Եվրամիության հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, և այն ուժի մեջ մտավ այս սեպտեմբերի 1-ից, ապա Հայաստանը անցած նոյեմբերին՝ վիլնյուսյան գագաթաժողովում սահմանափակվեց Եվրամիության հետ համատեղ հայտարարությամբ՝ երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ:

«Այն հայտարարությունները, որոնք երկուստեք արվել են, և վիլնյուսյան գագաթնաժողովի հայտարարությունը, գործնական, քաղաքական կյանքում ստանալու են տարբեր դրսևորումներ։ Խոսվում էր այն մասին, որ կա չհասկացվածության մթնոլորտ և տարբեր տեսակի վերաբերմունքներ, բայց ես պետք է նշեմ, որ բուն քաղաքական գործընթացում՝ որոշումներ կայացնողների մակարդակում երբեք չհասկացվածության մթնոլորտ չի եղել»,- ասաց Զաքարյանը։

Եվրամիության Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը այսօր չհամաձայնվեց այն դիտարկմանը, թե կարելի է անցած համարել Եվրամիության ու Հայաստանի «չհասկացվածության պահը», որը ծագեց 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո, որովհետև երկկողմ հարաբերություններում շարունակում են պահպանվել անորոշությունները:

«Հայաստանին նման օժանդակություն տրամադրելու Եվրահանձնաժողովոի որոշումը նշանակում, է, որ մեր երկիրը մնում է բավականին կայուն և հետաքրքիր գործընկեր Եվրամիության համար»,- ասաց Նավասարդյանը.- «Առայժմ Բրյուսելում ԵՄ-ի հարցերը որոշում է այն հանձնաժողովը, որի լիազորությունների ժամկետը ավարտվում է, և այն վերջին տարիներին իրականացնում էր որոշակի քաղաքականությունը, որը տրամաբանորեն շարունակում է մինչև իր լիզորությունների ավարտը»։

Նավասարդյանը նշեց՝ կարևոր է նաև այն, որ շեղվելով եվրաինտեգրացիայից, Հայաստանը չի վատացրել իրավիճակը տարբեր ոլորտներում, որը կար մինչև 2013-ի սեպտեմբերի 3-ը.- «Երկրորդ հանգամանքը, որը նպաստել է, որպեսզի ֆինանսական աջակցությունը շարունակվի, այն է, որ այսօր Ռուսաստանի և Արևմուտքի սրված հարաբերություններ պայմաններում, նույնիսկ Հայաստանի անորոշությունը արդեն կարելի է համարել բավականին կայուն գործոն»։

Եվրասիական միության կողմնակիցների թիվը Հայաստանում զգալիորեն նվազել է

Gallup International ընկերության հարցման համաձայն, նախորդ ավելի քան մեկ տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն նվազել է Եվրասիական միության կողմնակիցների թիվը:

Ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արամ Նավասարդյկանի փոխնացմամբ, եթե 2013-ի ապրիլին Հայաստանում հարցվածների 67 տոկոսն էր կողմ Ռուսաստանի նախաձեռնած միությանը, ապա այս օգոստոսին կողմ է արտահայտվել միայն 57 տոկոսը։

Ընդ որում, հայաստանցիների մեծամասնությունը՝ 64 տոկոսը դեմ է արտահայտվել, որ Հայաստանը անդամակցի Եվրասիական միությանը առանց Լեռնային Ղարաբաղի:

Այսօրվա ասուլիսում Արամ Նավասարդյկանը նաև ղարաբաղյան հարցով պայմանավորեց, որ Հայաստանում Եվրասիական միության կողմնակիցների թիվը գնալով նվազում է:

XS
SM
MD
LG