Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքացուն ծեծի ենթարկելու ահազանգով հարուցված քրեական գործը կարճվել է


Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման շենքում քաղաքացուն հայհոյելու և ծեծի ենթարկելու ահազանգի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում այս տարվա ապրիլին հարուցված քրեական գործը կարճվել է:

«Ազատությանը» փոխանցելով այս տեղեկությունը` Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը հավելեց. - «Որպես մեղադրյալներ էին ներգրավվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցներ Տիգրան Պետրոսյանը և Տիգրան Մալխասյանը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում ձեռք չի բերվել ապացույցների բավարար համակցություն մեղադրական եզրակացություն կազմելու համար, որի պատճառով քրեական գործով վարույթը կարճվել է»:

Արման Մնացականով անունով 32-ամյա մի քաղաքացի ահազանգել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, պատմել, որ մարտի 24-ին, ցերեկը ժամը 1-ի սահմաններում, երբ ընկերոջ հետ այցելել են այլընտրանքային պատիժների կատարման շենք, ընկերոջն ընդունելուց հետո կառույցի աշխատակիցներն իրեն հրավիրել են սենյակ, որտեղ, ըստ Մնացականովի, համազգեստով անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ ձեռքերով հարվածներ հասցնելով իր գլխին։

Միջադեպից հետո օմբուդսմենի գրասենյակը հանդես էր եկել պաշտոնական հաղորդագրությամբ, հրապարակելով Youtube սոցիալական ցանցում տեղադրված մի սկանդալային ձայնագրություն, որտեղ հստակ լսվում է, թե ինչպես են քաղաքացուն հայհոյում, նվաստացնում, լսելի են հարվածների ձայներ:

Նշենք, որ քրեական գործը հարուցվել էր պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։ Տվյալ արարքը պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:

Գործով տուժող ճանաչված Արման Մնացականովն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քրգործի կարճման մասին իրեն տեղեկացրել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Նաև պատմեց, որ ամիսներ առաջ իրեն հրավիրել են առերեսման «մի քանի անձանց հետ, ովքեր դեպքի վայրում եղել են»․ - «Ու մի անծանոթ անձ, որին չեմ ճանաչում, շեշտում է, որ ինքն էլ է եղել: Իր հետ էլ է առերեսում եղել․․․ նման դեպք տեղի չի ունեցել»:

Նա հավելեց, որ նույնը պնդում են այն անձինք, ովքեր եղել են այնտեղ․ - «Հիմք չեն վերցնում ձայնագրությունը: Եթե Հատուկ քննչական ծառայությունը հիմք վերցներ, գործը չէր կարճվի»:

Գործը քննող նախկին քննիչի խոսքերը հիմք են տվել Մնացականովին կարծելու, որ գործը կարճվելու է․ - «Ասում էր՝ մի մոռացի, Արման, դու Հայաստանում ես: Եթե Հայաստանում եմ, նշանակում է օրենք չկա՞: Ու այսօր Հատուկ քննչական ծառայությունը ապացուցեց, որ իրոք օրենք չկա: Եթե մի փոքր պաշտոնյա են․․․ իրենց շատ լավ էլ գիտեն, որ դեպքը տեղի է ունեցել, նման բան եղել է»:

Հետագայում քննիչը փոխվել է, սակայն երիտասարդի սպասելիքները չեն արդարացել․ - «Մտածում էի ավելի լավ կլինի: Բայց դե, ինձ համար այսօր միևնույն է՝ իրենք օրենքի առաջ կպատժվեն, թե ինչ»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գործի կարճման մասին տեղեկացել են լրատվամիջոցներից։

«Քրգործի կարճումը խնդրահարույց և մտահոգիչ է, հետևաբար օմբուդսմենի գրասենյակը պատրաստվում է տեղում ուսումնասիրել ամբողջ քրեական գործը», - հավելեց Թումանյանցը՝ շարունակելով․ - «Հիմա արդեն, երբ որ ավարտված է և դեռևս չի մտել դատական փուլ, չի բողոքարկվել դատական կարգով, մենք կարող ենք ամբողջությամբ գործը ուսումնասիրել և տալ մեր գնահատականը»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ Արման Մնացականովի ահազանգի փաստով հարուցված քրեական գործի կարճումը Հայաստանում անպատժելիության մթնոլորտի հերթական ապացույցն է․ - «Այսինքն՝ պետական պաշտոնյային թույլատրվում է ամեն ինչ անել, և նա որևէ պատիժ չի կրում: Սա ավտորիտար պետության բնույթն է՝ անպատժելիության մթնոլորտը: Երկրորդ, կուզենայի նշել, որ սա հերթական անգամ ապացուցում է այսպես կոչված՝ Հատուկ քննչական ծառայությունը անկախ մարմին չէ»:

Արդարադատության նախարարությունում տարեսկզբին արձանագրված միջադեպից հետո այն ժամանակ նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով աշխատանքից ազատվեցին քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Տիգրան Մալխասյանը և նույն բաժնի բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանը, իսկ Շենգավիթ բաժանմունքի պետ Գևորգ Մաթևոսյանի նկատմամբ կիրառվեց խիստ նկատողություն։

XS
SM
MD
LG