Մատչելիության հղումներ

Գործընկերները պահանջում են ազատ արձակել պատանու մահվան մեջ կասկածվող բժշկին


15-ամյա պատանու հոր համոզմամբ՝ տղան մահացել է Լոռու մարզի գլխավոր վիրաբույժի մեղքով, ով պատշաճ օգնություն չի ցուցաբերել երեխային։

Օրերս Վանաձորում ստորագրահավաք էր կազմակերպվել՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանին կալանքից ազատելու պահանջով: Նա կասկածվում է 15-ամյա պատանու մահվան հարցում մեղքի բաժին ունենալու, անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:

Մոտ մեկ տարի առաջ «Վանաձորի բժշկական կենտրոնում» մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանը Երևանի բնակիչ էր` Լոռու մարզ էր մեկնել մրցումների և դանակահարության հետևանքով հայտնվել հիվանդանոցում:

«Հանդբոլի թիմում էր ինքը խաղում, գնացել է մրցումների, երրորդ օրը վիճաբանություն է եղել, իմ երեխուն կանչել են օգնության, գնացել է վիճաբանության տեղը և դանակահարվել է էնտեղ: 7-ին 10 պակաս էդպես երեկոյան տարել են հիվանդանոց, հիվանդանոցում 9.35 րոպե իմ երեխան մահացել է», - ասաց Դավիթ Հովակիմյանի հայրը:

Տղայի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել և 2 շաբաթ առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել բժիշկ Ղուկասյանին: Բժշկի ընտանիքը, հարազատներն ու գործընկերները խնդրում և պահանջում են դատարանից վերանայել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը և ազատել Վլադիմիր Ղուկասյանին:

Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գայանե Արմաղանովան ասում է, որ իրենք ևս, սատարելով այս նախաձեռնությանը, բաց նամակ են ուղղել գլխավոր դատախազին, առողջապահության նախարարությանը և Մարդու իրավունքների պաշտպանին:

«Մեղավոր է բժիշկ Ղուկասյանը, թե մեղավոր չի, թող որոշի դատարանը: Սակայն մենք համոզված ենք, որ մինչև դատարանի որոշումը նա չպետք է կալանավորվի: Եթե նա մի քանի ամիս չաշխատի, նա մարզի գլխավոր մասնագետն, բաժնի վարիչն է վիրաբույժն է, տուժելու է բնակչությունը՝ չստանալով համապատասխան բուժօգնություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմաղանովան:

Մինչդեռ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում մահացած Դավիթ Հովակիմյանի հայրը՝ Հակոբ Հովակիմյանը, համոզված է, որ իր տղան մահացել է Լոռու մարզի գլխավոր վիրաբույժի մեղքով, ով ժամանակին և պատշաճ օգնություն չի ցուցաբերել երեխային։

Որդեկորույս հայրը համոզված է, որ բնակչությունը կտուժի այն դեպքում, եթե բժիշկը վերադառնա աշխատանքի. - «Ես մի բան կարամ խնդրեմ, նման մարդիկ իրավունք չունեն որպես բժիշկ աշխատելու: Իմ երեխուն արդեն ես կորցրել եմ, թող իմ երեխու կյանքի ելքով, թող ուրիշ երեխեքը փրկվեն գոնե, ուրիշ ծնող չտենա էն, ինչ որ ես եմ տեսնում»:

Հոր խոսքով, բժիշկը 2 ժամ սպասելով ծնողներին, չի վիրահատել արյունահոսող տղային և անգամ արյան փոխներարկում չի կատարել:

«Եթե երեխային 30-60 ճնշումով տարել են հիվանդանոց, ինքը ի՞նչ իրավունքով է ասում՝ թող ծնողը գա, ստորագրություն տա, որ ես երեխուն օպերացիա անեմ: Վիրահատություն տեղի չի ունեցել, ես եկել եմ, նոր ինձնից արյուն ա ուզում: Ես գնացել եմ արյուն եմ բերել, բայց արյունը բերել եմ իրանց հիվանդանոցից: Գումարով առել եմ, բերել եմ, տվել եմ, ես պատրաստ էի ամեն գումար էլ վճարելու, հարցը դա չի, խի՞ ինքը չի ներարկել մինչև իմ գալը: Իմ երեխեն արյունաքամ է եղել», - ասաց Հակոբ Հովակիմյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանն ասում է, որ բժշկական սխալի հետ կապված դեպքերը բազմաթիվ են, և խնդիրը համակարգային է: Արդեն երկու տարի է, ինչ օմբուդսմենը իր զեկույցներում նշում է այս մասին ու առողջապահության նախարարությանը հորդում միասնական ուղեցույցներ մշակել բժիշկների համար, որտեղ հստակ գրված կլինի, թե որ դեպքի ժամանակ ինչ պետք է անել: Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալի փոխանցմամբ՝ այս կերպ կնվազեցվի բժշկական սխալի հավանականությունը:

Մինչ այսօր, սակայն, առողջապահության նախարարությունը չի ներդրել այս ուղեցույցները:

«Նախարարությունը մեզ պարզաբանել է, որ 2012-ից սկսել են մշակումը, սակայն արդարացումն այն է, որ քանի որ դա շատ ծախսատար և երկար ժամանակ պահանջող գործընթաց է, դեռևս պատրաստ չէ և շատ ոլորտներում բժիշկները դեռ չունեն այդ ուղեցույցները: Սակայն մենք վստահ ենք, որ դրանց ներդրմամբ ոլորտը կբարելավվի, և բժշկական ոլորտի աշխատողներն ավելի հաշվետու կլինեն», - նշեց Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG