Մատչելիության հղումներ

Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված մոտ կես միլիոն դոլարը կուղղվի գյումրեցի անօթևաններին


Խոսքը 20 – 22 ընտանիքի համար բնակարան ձեռք բերելու մասին է, սակայն հնարավոր է նաև ավելի շատ ընտանիքներ ընդգրկվեն:

Լոս Անջելեսում սեպտեմբերի 7-ին հեռուստամարաթոն էր կազմակերպվել, որի նպատակը Գյումրիի անօթևաններին բնակարաններ տրամադրելու համար գումար հավաքելն էր:

Հեռուստամարաթոնը կազմակերպել էին «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Շանթ» հեռուստաընկերությունը:

Հանգանակված գումարով նախատեսվում է գյումրեցի անօթևան, սոցիալապես անապահով, բազմազավակ մի քանի տասնյակ ընտանիքների համար բնակարաններ ձեռք բերել:

6 ժամվա ընթացքում հանգանակվել է ավելի քան 664 հազար ԱՄՆ դոլար: Անօթևանների ընտրության հարցում, թե ո՞ւմ է հատկացվելու բնակարանը, օգնության են եկել «Շիրակ կենտրոն» հկ-ի տարածած տեսանյութերը, որտեղ ներկայացված են սոցիալապես անապահով, բազմազավակ, տնակներում ապրող ու պետական աջակցությամբ բնակարան ստանալու որևէ հույս չունեցող ընտանիքները:

Կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն ասում է, որ անօթևաններին բնակարաններ հատկացնելուց զատ՝ այստեղ շատ կարևոր է, որ աշխարհում կներկայացվի Գյումրիում տիրող իրավիճակը:

«Հայաշատ այլ համայնքներում ևս նախաձեռնություններ կան՝ ուղղված գյումրեցի անօթևանների սոցիալական խնդիրների լուծմանը», - ասաց Վահան Թումասյանը՝ շարունակելով․- «Կան մի շարք ծրագրեր, որոնք Կանադայում են նախատեսում իրականացնել՝ ուղղված անօթևան ընտանիքներին, հիմա մենք բանակցությունների մեջ ենք Գերմանիայի հայ համայնքի հետ: Խնդիրն այնքան մեծ է, որ միայն հայաստանյան՝ ցանկություն չունեցող իշխանությունների միջոցներով հնարավոր չէ այն լուծել»:

Գյումրիում բացի անօթևանների հերթացուցակում ընդգրկված ավելի քան 1000 ընտանիքներից, որոնք պետության կողմից բնակարանի փոխհատուցման են սպասում, 26 տարի ավելի քան 4 հազար ընտանիք էլ ապրում է տնակներում՝ բնակարան ունենալու հույս անգամ չունենալով, քանի որ երկրաշարժին անօթևանի կարգավիճակ չեն ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG