Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարությունը դիմել է աննախադեպ քայլի


Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, արխիվ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, արխիվ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես խորհուրդ է տալիս երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին` հրաժարվել սեպտեմբերի վերջին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին մասնակցելու գաղափարից:

Նույնիսկ ներիշխանական հակասություններով հարուստ Վրաստանի նորագույն պատմության մեջ նման աննախադեպ քայլի երկրի դիվանագիտական գերատեսչությունը ստիպված եղավ դիմել այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահը հայտարարեց, թե պատրաստվում է մասնակցել Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Բանն այն է, որ Նյու Յորք մեկնելու մտադրություն ունի նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ուստի այսօր Թբիլիսիում փորձում են կանխել ՄԱԿ-ում վրացական միանգամից երկու պատվիրակությունների ի հայտ գալու հեռանկարը:

Մինչև այս շաբաթվա սկիզբը Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն էր փորձում կուլիսային բանակցությունների միջոցով համոզել նախագահ Մարգվելաշվիլիին չեղյալ հայտարարել նյույորքյան ուղևորությունը և ըստ ամենայնի` անարդյունք: Շաբաթասկզբին արդեն Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ստիպված էր հրապարակայնացնել խնդիրը: Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Զալկալիանին Թբիլիսիում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց. - «Եթե Նյու Յորքում Վրաստանը ներկայացված լինի մեկի փոխարեն երկու պատվիրակություններով, ապա երկրի վարկին լուրջ վնաս կհասցվի»:

Թբիլիսցի անկախ փորձագետների կարծիքով, սակայն, երկրի վարկը խաթարվում է ոչ թե պատվիրակությունների քանակի, այլ պետության բարձրաստիճան ղեկավարների միջև հարաբերությունների վատթարացման պատճառով:

Էդուարդ Շևարդնաձեի օրոք նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Պետրե Մամրաձեն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում նկատում է. - «Բոլոր օտարերկրացիները, ովքեր տեղեկանում են այս անհեթեթ իրադրության մասին, նույնն են ասում` ձեր երկիրը կրկին վնասակար մի մանկապարտեզ է հիշեցնում»:

Նշեմ, որ նախագահի և վարչապետի հարաբերությունները Վրաստանում կտրուկ կերպով վատթարացան այն բանից հետո, երբ Կառավարության նախկին ղեկավար, «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր և երկրի ամենահարուստ գործարար Բիձինա Իվանիշվիլին խիստ քննադատության ենթարկեց Գեորգի Մարգվելաշվիլիին` հայտարարելով, թե նա չարդարացրեց իր հույսերը:

Դրանից հետո, ըստ վրացական աղբյուրների, Մարգվելաշվիլին հայտնվել է ներիշխանական վակուումում: Որոշ տեղեկությունների համաձայն, արդեն մի քանի ամիս է, ինչ նախարարներից շատերը ոչ միայն հաշվետու չեն նախագահ Մարգվեշավիլիին, այլև դադարել են պատասխանել նրա հեռախոսազանգերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG