Մատչելիության հղումներ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր սկսեց լսել «Հրապարակ» օրաթերթի և «Իլուր» կայքի ներկայացուցիչների բողոքը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

Ընդհանուր իրավասության դատարանը, հիշեցնենք, պարտավորեցրել էր նշված երկու ԶԼՄ-ներին բացահայտել իրենց հրապարակած տեղեկության աղբյուրը։ Երկու լրատվամիջոցներն էլ հայտնեցին, որ աղբյուրը չեն ցանկանում բացահայտել:

Ավելին՝ տեղեկության աղբյուրը հայտնի է միայն հոդվածների հեղինակ Սյուզան Սիմոնյանին, ով դատարանի պահանջն օրինական ու հիմնավորված չի համարում․ - «Եթե անգամ հարյուր դատարանի որոշում բերեն, մենք միևնույն է չենք բացահայտելու: Այս իրավիճակում լրագրողը չունի այլընտրանք: Ոորվհետև կա նրա մասնագիտական պարտքը և համբավը: Պատկերացնում եք, թե ինչ խայտառակություն կլինի ցանկացած լրագրողի համար այս իրավիճակում հայտնել, թե ով է ասել»:

Հիշեցնենք, «Իլուր»-ն ու «Հրապարակ»-ը տեղեկացրել էին, որ մայիսի 7-ի գիշերը Գյումրիում Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կողմից բռնության էին ենթարկվել հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ու իր եղբայրը: Ըստ հրապարակումների՝ ոստիկանապետն ալկոհոլի ազդեցության տակ կանգնեցրել էր երիտասարդների վարած մեքենան, հանել ատրճանակը, կոթով հարվածել և սպառնացել մարզիկին ու նրա եղբորը։

Դատախազությունը քրեական գործ հարուցեց լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, սակայն այդ գործով ոչ ոքի մեղադրանք առաջադրված չէ։

Գործում մեղադրյալի և կասկածյալի բացակայությունը ԶԼՄ-ների շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանին հիմք է տալիս ենթադրելու, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը առանձնապես չի ցանկանում հետապնդում իրականցնել, ունի բոլորովին այլ նպատակ։

«Հիմնական նպատակը ծանր հանցագործություն հարուցելու միջոցով պարզելն է, թե ինչ տեղեկատվություն ունի [լրատվամիջոցը], և որն է այդ տեղեկատվության աղբյուրը լրատվամիջոցի, որպեսզի իրենց ապահովագրեն հետագա նման անախորժ դրսևորումներից, օրինակ՝ եթե այդ տեղեկատվության աղբյուրը լինի ոստիկանության աշխատակից, հեռացնելով նրան», - ասաց փաստաբանը:

Ըստ Եգորյանի՝ Հայաստանում փորձ է արվում սահմանափակել լրատվամիջոցների ազատությանը, իսկ նախաձեռնության հեղինակը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է․ - «Ազդանշանեց այս մրցավազքը գլխավոր դատախազը՝ հայտարարելով, որ բոլոր լրատվամիջոցները քրեական գործերով պետք է բացահայտեն տեղեկատվության աղբյուրները և դատախազությունը հետամուտ է լինելու այդ հարցին: Շատ հետաքրքիր է, որ այս քրեական գործը սկզբից չի հարուցվե: Սկզբից նախապատրաստվել են նյութեր, և քրեական գործի հարուցումը մերժվել է: Հետո նոր, ըստ երևույթին այս լրատվամիջոցների նկատմամբ համապատասխան ճնշում գործադրելու ցանկությունից ելնելով, այս քրեական գործը հարուցվել է»:

Երկու լրատավամիջոցների փաստաբանները դատարանում բողոքը ներկայացնելիս, առաջարկեցին առաջին ատյանի դատարանի վճռի օրինականությունը ստուգել հատուկ նման որոշումների դեպքում կիրառվող Եվրոպական դատարանի ստուգող թեստի միջոցով, որը պարզում է, թե արդյոք օրինական է ԶԼՄ-ին տեղեկատվության աղբյուր բացահայտել պարտավորեցնող միջամտությունը։

«Եվրոպական դատարանը, երբ քննում է նմանատիպ գործեր, թեստի երեք թևերից որևէ մեկի բացակայությունը հիմք է, որպեսզի խախտում ճանաչի», - ասաց փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ նշելով, որ Եվրոպական դատարանի թեստի երեք կետերից առնվազն երկուսը պետք է բացառեին առաջին ատյանի դատարանի՝ ԶԼՄ-ից աղբյուրի բացահայտում պահանջող որոշումը։

XS
SM
MD
LG