Մատչելիության հղումներ

Յակուտսկում կառուցվել է հայկական առաջին եկեղեցին


Ռուսաստան - Յակուտսկում կառուցված հայկական եկեղեցին, 7-ը սեպտեմբերի, 2014թ․

Ռուսաստան - Յակուտսկում կառուցված հայկական եկեղեցին, 7-ը սեպտեմբերի, 2014թ․

Եկեղեցու կառուցման վրա մոտ 100 միլիոն ռուբլի է ծախսվել:

Յակուտսկում կառուցվել է աշխարհում ամենահյուսիսային շրջանում ընկած հայկական առաջին եկեղեցին: Այս մասին հայտնում է Սախա Հանրապետության կառավարության պաշտոնական կայքը: Հավերժ սառցակալած վայրում կառուցված եկեղեցին կոչվում է Սուրբ Կարապետ:

Եկեղեցու բացման արարողությունը տեղի է ունեցել կիրակի՝ սեպտեմբերի 7-ին: Արարողությանը ավելի քան հազար հայեր են մասնակցել Յակուտսկից, Սիբիրից, Հեռավոր Արևելքից, Մոսկվայից, Երևանից, ինչպես նաև ռուս ուղղափառ եկեղեցու Սիբիրի շրջանների ներկայացուցիչներ, տեղական պաշտոնյաներ:

Տեղական ЯСИА հեռուստաընկերության հաղորդման մեջ նշվում է, որ Յակուտիայում, Սախա հանրապետությունում 120 ազգերի ներկայացուցիչներ են ապրում: Հայերը ամենամեծ ազգային փոքրամասնություն են կազմում: 4 տարի առաջ անցկացված մարդահամարի տվյալներով այնտեղ 5 հազար հայեր են բնակվում: Թարմ տվյալներ այս պահին չկան:

2001-ին Խորեն Սահակյանը հիմնադրել է «Յակուտսկի հայերի միության» կազմակերպությունը, որը մոտավորապես 1 500 անդամներ ուն:

Երեք տարի առաջ հայերը որոշել են եկեղեցի կառուցել, հիմնարկեքի արարողությունը 2011-ին է տեղի ունեցել: Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը ժամանել է այստեղ և օծել կառուցվելիք եկեղեցու հիմքը: Եվ ահա անցած կիրակի նա արդեն օծեց նորակառույց 27 մետր բարձրություն ունեցող եկեղեցին, որը մտնելու է նրա գլխավորած թեմի մեջ:

Հայ համայնքի ղեկավար Խորեն Սահակյանը ЯСИА հեռուստաընկերությանն ասել է, որ երեք տարի շարունակվում էր Սուրբ Կարապետ եկեղեցու շինարարությունը, և որ դա Յակուտսկում ապրող հայերի շատ սերունդների երազանք էր:

Եկեղեցին կառուցել է «Кинг-95» անունով շինարարական կազմակերպությունը: «Кинг-95»-ի տնօրեն Սոս Վարժապետյանը ասել է, որ շինարարության վրա մոտավորապես 100 միլիոն ռուբլի է ծախսվել: Նա ասել է, որ շինարարական նյութերը բերվել են Հայաստանից: Եկեղեցին երեսպատված է տուֆ քարով:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, եկեղեցու բակում տեղադրվել է ժամանակակից հայտնի երկու հայերի բրոնզաձույլ կիսանդրիները՝ մեկը Արկտիկան ու Անտարկտիդան ուսումնասիրող հայտնի գիտնական, պետական ու քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովինը, մյուսը՝ Յակուտիայի ու Ռուսաստանի վաստակավոր արվեստի գործիչ Հրանտ Գրիգորյանինը:

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը Յակուտիայում նշանակալից հետք թողած ամենանշանավոր հայն է:

ЯСИА-ի հաղորդմամբ՝ հարգարժան հյուրերից մեկն էլ Հայաստանի Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանն էր, ով ասել է, թե հիացած ու տպավորված է Յակուտիայում ապրող հայերով ու խորապես հարգում է նրանց հավատարմությունը իրենց կրոնին:

«Այստեղ կառուցվել է ոչ միայն եկեղեցի, այլև հայկական սփյուռքի հիմքը, որպեսզի ապրել ու հավատարիմ լինել իրենց հավատքին ու հարգել մյուս ժողովուրդների կրոնը», - ասել է Հայաստանի սփյուռքի փոխնախարարը:

Յակուստկի հայկական եկեղեցու բացմանը Հայաստանից մասնակցել են նաև գրող Ռազմիկ Դավոյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:

XS
SM
MD
LG