Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը իսլասմիստ զինյալների դեմ պայքարում ակնկալում է Թուրքիայի աջակցությունը


Միացյալ Նահանգները կրկին դիմում են վաղեմի դաշնակից Թուրքիայի օգնությանն` այս անգամ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում աջակցություն ստանալու ակնկալիքով:

Այն, որ Իրաքի և Սիրիայի մի զգալի մասը վերահսկող իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարը Վաշինգտոնը չի կարող ծավալել առանց թուրքական կողմի աջակցության, պարզ դարձավ վերջին երկու օրերին` սկզբում նախագահ Բարաք Օբամայի` NBC հեռուստաընկերության տված հարցազրույցից, ապա նաև այն բանակցություններից, որ երկուշաբթի օրը Անկարայում վարում էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելը:

Կիրակի երեկոյան հեռարձակված հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ պաշտոնական Վաշինգտոնի առաջնահերթ նպատակն այս փուլում «Իրաքի և Սիրայի իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի ստեղծումն է: Դրանում, ըստ Օբամայի, առաջնահերթ դերակատարություն պետք է ունենան հատկապես տարածաշրջանի իսլամական պետությունները:

«Ես կարծում՝ միանշանակորեն հստակ է, որ սուննի իսլամ դավանող պետությունները պետք է մասնակցեն այս պայքարին: Խոսքը միայն Սաուդյան Արաբիայի մասին չէ, դա վերաբերում է նաև Հորդանանին, Արաբական Միացյալ Էմիրություններին ու Թուրքիային»,- ասել է Օբաման` հատուկ ընդգծելով, որ խոսքը ոչ թե ցամաքային գործողությունների, այլ օդային հարվածների մասին է:

Ամերիկացի պաշտոնյաներից մեկը Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ «Թուրքիայի աշխարհագրական դիրքը այդ երկրի դերակատարությունն անփոխարինելի է դարձնում իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում»:

Ինչ վերաբերում է իսլամիստների դեմ կոնկրետ գործողություններին, ապա դրանք երկուշաբթի օրն Անկարայում քննարկում էր Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը: Ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավարը Անկարա ժամանեց Թբիլիսիից:

Ընդամենը մի քանի ժամում Անկարայում Հեյգելը հանդիպեց նախագահ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլույի, Գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջեթ Օզելի և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ:

«Այսօրվա բանակցությունները Թուրքիայի կողմից նախկինում ստանձնած պարտավորություններին վերահաստատումն էին` ջախջախել «Իրաքի և Սիրիայի իսլամական պետությունը» և այն ամենն ինչ առնչվում է այդ կառույցի հետ»,- Էրդողանի հետ բանակցությունների ավարտին հայտարարեց Հեյգելը՝ ընդգծելով.- «Թուրքիան ցանկանում է յուրահատուկ դերակատարություն ունենալ: Թե հատկապես որն է լինելու այդ դերակատարության յուրահատկությունը, կհստակեցնի թուրքական կառավարությունը»։

Ըստ թուրքական մամուլի՝ պաշտոնական Անկարան պատրաստ է աջակցել Վաշինգտոնին իսլամիստների դեմ պայքարում, սակայն Թուրքիայի գործողությունները կաշկանդված են նախ և առաջ Իրաքում մոտ 50 թուրք պատանդների առկայությամբ, որոնք արդեն երրորդ ամիսն է ինչ գտնվում են «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» զինյալների ձեռքում:

Սա է պատճառը, որ, ըստ Hurriyet-ի տրամադրության տակ եղած տեղեկությունների, Թուրքիայի ղեկավարությունը դեռ հստակ պատասխան չի տվել ամերիկացիներին` արդյոք պաշտոնապես մաս է կազմելու նոր ձևավորվող կոալիցիային, թե՝ ոչ: Երեկ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընջը ևս խուսափեց հստակ պատասխան տալ:

«Այս պահից սկսած հարցը համապատասխան մարմինների քննարկման ու գնահատման առարկա է դարձել: Հենց այդ կառույցներն էլ կհանգեն վերջնական եզրակացության»,- նշում էր Առընջը:

«Իրաքի և Սիրիայի Իսլամական պետության» զինյալների դեմ համատեղ պայքարի և միջազգային կոալիցիայի բոլոր մանրամասները Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կհրապարակի արդեն վաղը` հատուկ ուղերձի միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG