Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը չի մասնակցում Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների Բաքվի հանդիպմանը


Բաքվում այսօր տեղի ունեցավ Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպում: Սա նման չորրորդ հանդիպումն է:

Ծրագրում ընդգրկված վեց երկրներից չէր մասնակցում միայն Հայաստանը:

Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան մասնակցում են արտգործնախարարների մակարդակով, Բաքվի հանդիպմանը եկել են Ուկրաինայի ու Բելառուսի փոխարտգործնախարարները և Եվրամիության պաշտոնյաներ:

Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Եվրամիության համար կարևոր են Արևելյան գործընկերության ծրագրի բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ֆյուլեն ասել է.- «Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրների հետ: Բոլոր վեց գործընկերների անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հավասարապես կարևոր է մեզ համար: Որպես ինքնիշխան երկրներ՝ նրանք պետք է ինքնուրույն որոշեն իրենց ապագան ու ճակատագիրը»։

Ֆյուլեն նաև ընդգծել է, որ պետք է հարգանքով վերաբերել Արևելյան գործընկերության երկրների շահերին:

Իսկ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտը ասել է, որ Բաքվի հանդիպման հիմնական թեման Արևելյան գործընկերության տարածաշրջանի անվտանգության հարցերն են:

«Ուկրաինական ճգնաժամը լուրջ վնաս հասցրեց Արևելյան գործընկերության ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է նա:

Ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու համար նա ընդգծել է, որ կողմերը պետք է կատարեն հրադադարի համաձայնագրի բոլոր պայմանները:

«Դա կլինի առաջին քայլը խնդրի քաղաքական կայուն կարգավորման համար, որը պետք է հիմնվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հենքի վրա»,- ասել է Հելգա Շմիդտը՝ ընդգծելով Արևելյան գործըկերության տարածաշրջանում բոլոր սառեցված հակամարտությունները կարգավորելու կարևորությունը:

«Հակառակ դեպքում անվտանգությունն այստեղ կայուն չի լինի»,- Բաքվում ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատարի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG