Մատչելիության հղումներ

Հակոբյան․ Սահմանամերձ գյուղերին խոստացված արտոնությունները դեռ թղթի վրա են


Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներին խոստացված արտոնությունները դեռ թղթի վրա են, «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր 6 խմբակցությունները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպում քննարկումներից հետո՝ օգոստոսի կեսին, արտոնությունների փաթեթ էին ներկայացրել Կառավարությանը: Սահմանամերձ համայնքների բնակիչները պետք է ազատվեին կոմունալ, ոռոգման ջրի վարձերից, դպրոցականները պետք է անվճար դասագրքեր ստանային, ավելացվեր երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, լուծվեր ճանապարհների, բուժկետերի բարեկարգման խնդիրը, խրախուսվեին սահմանամերձ շրջաններում ներդրումները: Ոչ իշխանական պատգամավորներն ասում էին՝ մի քանի գյուղ է ընդամենը մշտական ռմբակոծությունների ամենօրյա վտանգի տակ: ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, թե հանրապետական կառավարությունը պատրաստ էր մեկ ամսվա մեջ ընթացք տալ այդ առաջարկներին:

«Դա երևի մի 20 օր առաջ էր: Ցավոք մինչև հիմա պատասխան չունենք, միակ պատասխանը, որ տրվել է՝ որ միանգամից ֆինանսների նախարարություն է փոխանցվել, որպեսզի մեր առաջարկությունները ինչ-որ տեղ պայմանավորված էին ֆինանսական ինչ-որ հարցերով, բայց առայժմ որևէ պատասխան չունենք: Խորհրդարանը այն, ինչ պետք է աներ՝ այս փուլում արել է: Հետագայում կտեսնենք», - ասաց Ռուբիկ Հակոբյանը՝ ու հավելեց․ - «Ցավոք սրտի որդեգրվել է մի ոճ՝ ճարպկության ոճ, որը կարծեմ արդեն իրեն սպառել է: Համենայնդեպս, տա Աստված՝ սխալվեմ, բայց լավատես չեմ, որ դրական լուծում կստանա: Սա օպերատիվ պետք է արվի, արդեն բյուջեի հետ կապ չունենա՝ նոր ընդունվող բյուջեի, որովհետև արդեն օրախնդիրը անցել է, և մենք էլ պետք է արձանագրեինք, որ մեր այցը ինքնանպատակ չէր, որ մենք եկել ենք հարցեր լուծելու: Հիմա՝ տեսնենք: Համենայնդեպս, մենք հետևողական ենք լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG