Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայի նկատմամբ եվրոպական նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն մի քանի օրից


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրուցում է քաղաքը պաշտպանող զինվորների հետ, Մարիուպոլ, 8 սեպտեմբերի, 2014թ.

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրուցում է քաղաքը պաշտպանող զինվորների հետ, Մարիուպոլ, 8 սեպտեմբերի, 2014թ.

Ռուսաստանի վարչապետն էլ պնդում է, որ պատժամիջոցներն օգուտ են բերել Չինաստանին։

Եվրոպական միությունը հաստատել է ուկրաինական իրադարձություններում ունեցած ներգրավվածության համար Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք նոր պատժամիջոցների փաթեթը։

Երեկ երեկոյան նախ տարածվեց լուր այն մասին, որ «Եվրոպական միության մի պետություն առարկություն է ներկայացրել»։ Ենթադրվում էր, որ Բրյուսելը պատժամիջոցների ընդունումը կհետաձգի, սակայն կեսգիշերին հրապարակվեց հաղորդագրություն այն մասին, որ խնդիրը լուծվել է։

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյն ասել է, որ նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն մի քանի օրից։ Ըստ վերլուծաբանների, այդ ընթացքում եվրոպացիները հետևելու են Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Ամենայն հավանականությամբ, նոր պատժամիջոցների ցանկում կհայտնվեն ռուսական խոշոր ընկերությունները` «Ռոսնեֆտը», «Տրանսնեֆտը» և «Գազպրոմ-Նեֆտը»։ Այդ ընկերությունների ֆինանսավորումը և վարկերի տրամադրումը կարգելվեն։ «Ռոսնեֆտի» նկատմամբ արդեն գործում են ամերիկյան պատժամիջոցները։

Եվրոպացիները նոր պատժամիջոցների փաթեթին նախնական համաձայնություն էին տվել դեռ սեպտեմբերի 5-ին Ուելսում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներից դուրս գումարված հանդիպման ընթացքում։

Եվրամիության ղեկավարները Ուելսում հայտնել են, որ պատժամիջոցները կարող են վերանայվել այն դեպքում, եթե Մոսկվան կատարի Ուկրաինայում հրադադարին աջակցելու խոստումը և դուրս հանի զինծառայողներին Ուկրաինայի տարածքից։

Մոսկվան, չմանրամասնելով, նախօրեին հայտարարել է, թե պատասխան քայլերի կդիմի այն դեպքում, եթե եվրոպացիները նոր պատժամիջոցներ սահմանեն։ Ենթադրվում է, որ ռուսները կարող են փակել իրենց օդային տարածքը եվրոպական ավիաուղիների համար։ Այդ դեպքում եվրոպական ավիաընկերություններն աննախադեպ խոշոր ֆինանսական կորուստներ կկրեն, բայց դրան, իհարկե, կհետևի Արևմուտքի պատասխանը, և ոչ պակաս բարդ վիճակում կհայտնվի Ռուսաստանի ավիացիան։

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե՝ «պատժամիջոցները երկսայրի գործիք են, տուժում է նաև այն կողմը, որը դրանք սահմանել է»։

«Մարդկության պատմության ընթացքում եղել են և՛ օրինական` ՄԱԿ-ի համաձայնությամբ սահմանված պատժամիջոցներ, և՛ ապօրինի, որոնք մի քանի երկրներ սահմանել են` ՄԱԿ-ը շրջանցելով։ Որպես կանոն, դրանք ոչ մի լավ արդյունք չեն տվել։ Մենք գիտակցում ենք, որ նախ լինում են տնտեսական պատժամիջոցներ, ապա որպես պատասխան` քաղաքական։ Իսկ քաղաքական բաները միշտ ասիմետրիկ են։ Եվ դա շատ ավելի վտանգավոր է՝ ինչ-ինչ մատակարարումներ սահմանափակելու համեմատությամբ, քանի որ այդ դեպքում հնարավոր է, որ քանդվի աշխարհում գործող անվտանգության համակարգը»,- ասել է Մեդվեդևը։

Նա բերել է Չինաստանի օրինակը, նշելով, որ Թյանանմեն հրապարակի հայտնի իրադարձությունների առնչությամբ այդ երկրի նկատմամբ 1989 թվականին Արևմուտքի սահմանած պատժամիջոցները որևէ արդյունք չեն տվել։ [Խոսքը մայրաքաղաք Պեկինի Թյանանմեն հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու մասին է, ինչի արդյունքում սպանվել են հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստներ]։

Ըստ Ռուսաստանի վարչապետի, Չինաստանի տնտեսության զարգացումը չի խափանվել, հասարակական-պետական կարգը չի փոխվել։

«Չինաստանն իրեն պատժված զգացե՞լ է։ Ո՛չ։ Նրանք պարզապես մոբիլիզացրել են իրենց ներքին կարողությունները, սակայն իրենք իրենց արտաքին աշխարհից չեն կտրել։ Ինչ-որ իմաստով այդ պատժամիջոցները Չինաստանի համար նույնիսկ դրական դեր են կատարել»,- ասել է Մերդվեդևը «Վեդոմոտսի» թերթին։

Պատժամիջոցների սահմանումը կամ չեղյալ հայտարարելն ուղղակիորեն կապված է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների հետ։ Կողմերը հրադադար են կնքել, սակայն այն բավական փխրուն է։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, թե կարգադրել է միջոցներ ձեռնարկել ռուս անջատականների մուտքը Մարիուպոլ քաղաք խափանելու համար։

«Ամբողջ Ուկրաինան հիմա պատրաստ է պաշտպանել Մարիուպոլը»,- ասել է Պետրո Պորոշենկոն։

XS
SM
MD
LG