Մատչելիության հղումներ

Հայրիկյանը ներկայացրեց սկսած հացադուլի հիմքերը


Պարույր Հայրիկյանը ներկայացրեց հացադուլի հիմքերը
please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00

«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր Ազատության հրապարակում ներկայացրեց այն հիմքերը, որոնց պատճառով ինքը հացադուլ է անում ու պահանջում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Հայրիկյանի ձևակերպմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքն արտաքին քաղաքականության և միջազգային համագործակցության խնդիրներին այնպիսին է, կարծես խոսքը սուրճ կամ թեյ խմելու երկընտրանքին է վերաբերում։

«Եթե 2013 թվականի սեպտեմբերի 3-ը տեղի է ունեցել ինչ-որ ճնշումների ազդեցության տակ, ապա 98 թվականի օրինակով պետք է ազդարարել որոշակի ուժերի ճնշման մասին և հեռանալ», - ասաց նա՝ նկատի ունենալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, և շարունակեց․ - «Իսկ եթե դա տեղի է ունեցել առանց ճնշումների, ապա Սերժ Սարգսյանը հայտնվել է մի պետական պաշտոնյայի կարգավիճակում, ով խոստացել է ընթանալ եվրոպական ուղղությամբ, սակայն ընթանում է ռուսական կայսերպաշտությանն ընդառաջ»:

Ըստ Հայրիկյանի, երբ Սերժ Սարգսյանը հրաժարվեց իր ստանձնած պարտավորություններից ու տված խոստումներից, այդ պահից հրաժարվեց այդ ծրագրերը, գաղափարները կրողի իր կարգավիճակից։

«Սա այն անձը չէ, ով ասում էր, որ մենք ստորագրելու ենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը։ Հետևաբար արդեն հրաժարվել է ինքն իրենից։ Այս պայմաններում բնականոն է այդ հրաժարումը դարձնել ժողովրդի սեփականությունը և հրաժարվել քաղաքական իշխանությունից», - ընդգծեց Հայրիկյանը։ - «Ես՝ որպես տասնամյակներ Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ, բարոյական իրավունք ունեմ պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բայց չեմ շահարկում իմ այդ կարգավիճակը: Նախագահի հրաժարականը պահանջելու իրավունք ունի միայն ժողովուրդը: Ես ընդամենը հորդորում եմ, սակայն հայտնի պատճառներով հորդորս ուղեկցում եմ սկսածս բողոքի հացադուլով: Այո, ես ուզում եմ իմ այս պահանջի նկատմամբ ուշադրություն գրավել»:

Այսօրվա հավաքին ներկաներից մի քանիսը հորդորեցին Հայրիկյանին զերծ մնալ քաղաքական պայքարի ծայրահեղ ձևից՝ մտահոգություն հայտնելով, որ դա կարող է ազդել ԱԻՄ առաջնորդի առողջության վրա։ Հայրիկյանը հակադարձեց, որ հացադուլը ճիշտ անելու դեպքում վնասակար չէ, և, որ դա ինքն անում է երկրի առողջության համար։

Հայրիկյանի հրավերով այսօրվա հավաքին մասնակցող Նախախորհրդարանի հիմնադիր անդամ Տիգրան Խզմալյանը տարօրինակ համարեց, որ Հայրիկյանը պահանջում է նախագահ Սարգսյանի հրաժարականը․ - «Ոչ թե հրաժարական է պետք պահանջել: Մենք իրավունք ունենք, ըստ Սահմանադրության, կազմակերպել այն, ինչին նա հիմա արժանացել է․ դա կոչվում է իմթիչմենթ: Դա օրենքի պահանջն է»:

Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ հացադուլն անցկացնելու է հայաստանյան տարբեր սրբավայրերում, իսկ մինչև սեպտեմբերի 12-ը ամեն օր մոտ մեկ ժամ անցկացնելու է նստավայրի դիմաց։

Լրագրողներից մեկի հարցին, թե կարելի է ասել, որ Հայաստանի քաղաքական թեժ աշունը այսօր սկսվում է, Հայրիկյանը պատասխանեց, որ քաղաքական գործընթացները չի կապում տարվա եղանակների հետ․ - «Ասելիքը պետք է ասվի ցանկացած եղանակի»:

Պարույր Հայրիկյանը Ազատության հրապարակում անցկացրած հավաքից հետո, իր համախոհների ուղեկցությամբ, խորհրդանշական երթով շարժվեց դեպի նախագահական նստավայր և իր հայտարարության մի օրինակը հանձնեց նամակների բաժին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG