Մատչելիության հղումներ

Երիտասարդ դասախոսները դեռ չեն շտապում վերադառնում բուհեր


Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարան

Համալսարաններում ուսումնական եռուզեռն արդեն մեկ շաբաթ է սկսվել է, այդուհանդերձ համատեղությամբ աշխատող շատ երիտասարդ դասախոսներ «Ազատության» հետ զրույցներում ասացին, որ դեռևս չեն շտապում դասի գնալ, չնայած նրանց հատկացված դասաժամերը չեն պակասել:

Դասախոսների մի զգալի մասը ոչ միայն սպասում է, թե երբ ու ինչպես է կառավարությունը լուծելու իրենց խնդիրը, այլ նաև կարդում է կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրությունը, փորձելով հասկանալ, թե իրենց երկու աշխատավայրերից սոցիալական պահումների դեպքում ի վերջո ինչքա՞ն գումար կպակասի իրենց ամսական եկամտից:

Պետական բուհերի հաշվապահություններում այսօր հորդորում են երիտասարդ դասախոսներին չլքել բուհերը, քանի որ նոր օրենքի կիրառման դեպքում առավելագույնը 25 հազար դրամով է նվազելու գրպանի պարունակությունը: Հաշվապահ Մանե Թանդիլյանը բացատրեց, թե ինչպես է այդ գումարը գոյանում:

«Փաստորեն անձը իր վճարումները կատարում է ամսական համախառն եկամուտից (բոլոր տեսակի աղբյուրներից), որը ունի առավելագույն շեմ՝ 500 հազար դրամ»,- փոխանցեց Թանդիլյանը։

Այս թվաբանությունն առաջին հայացքից շատ պարզ է թվում, սակայն մանրամասների մեջ խորանալիս այլ խնդիրներ են ի հայտ գալիս. օրենքից բխում է, որ սոցիալական վճարը չպետք է գերազանցի 25 հազար դրամը, այդուհանդերձ, սա դեռ չի նշանակում, որ եթե երկու տարբեր աշխատավայրերում առանձին-առանձին հաշվարկներ տարվեն և փաստացի ավելի մեծ գումար գոյանա, այդ պահումները չեն արվի:

Մանե Թանդիլյանը փորձեց իրավիճակը ներկայացնել կոնկրետ թվերով․- «Ենթադրենք, ձեր ամսական համախառն եկամուտը երկու աշխատավայրերից կազմում է 600 հազար դրամ, դուք երկու կազմակերպություններում էլ կվճարեք 5 տոկոսի չափով, որը կկազմի 15 հազար դրամ, և կստացվի, որ դուք ամսական վճարեցիք 30 հազար դրամ»։

Այս կոնկրետ օրինակում, փաստորեն, քաղաքացին ամեն ամիս 5000 դրամ ավելի է վճարելու, մեկ տարվա ընթացքում այդ թիվը հասնում է 60 հազար դրամի: Պետությունը, իհարկե, խոստանում է վերադարձել այս գումարը, սակայն միայն տարեվերջում՝ քաղաքացուն համապատասխան ծանուցագիր ուղարկելով: Հաշվի առնելով իշխանությունների նկատմամբ ժողովրդի անվստահությունը՝ հաշվապահ Թանդիլյանը այստեղ խնդիրներ է տեսնում և դրանից առաջնայինն այն է, թե ի՞նչ իրավունքով է պետությունը առանց քաղաքացու համաձայնության մեկ տարի շարունակ իր մոտ պահում ուրիշի փողերը:

Մտահոգող հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ նաև Ֆինանսների նախարարությունից: Պատասխան դեռ չենք ստացել։

Ի դեպ, այս կառույցից նաև տեղեկացրին, որ վարչապետի հանձնարարականի վերաբերյալ քննարկումները դեռևս շարունակվում են: Հիշեցնենք, որ վարչապետը կառավարության վերջին նիստում ասել էր, որ բուհերում դասավանդողները, որոնք այդտեղ հիմնական աշխատող չեն, պետք է ևս հնարավորություն ունենան հրաժարվելու պարտադիր սոցիալական վճարից:

Մեզ հետ զրույցներում դասախոսներն ասում են, որ իրենց հետագա գործողություններն արդեն կախված են կառավարության հստակ դիրքորոշումից․ երիտասարդ դասախոսների մեծ զինանոց ունեցող Բրյուսովի անվան Լեզվահասարակագիտական համալսարանի միջազգային լրագրության գիտական ուսումնական կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երիտասարդ դասախոսների վերադարձի հետ մեծ հույսեր են կապում գոնե հաջորդ կիսամյակին:


ԵՊՀ-ի հետ պայմանագիրը չվերակնքած Սոնա Գրիգորյանն էլ ասաց, որ 25 հազար դրամը չէ, իրականում, մայր բուհ չվերադառնալու պատճառը, այլ պետության վերաբերմունքը երիտասարդ բանիմաց կադրերին:

XS
SM
MD
LG