Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արտգործնախարար Կուրցը նշել է, որ Ավստրիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու ոչ միայն քաղաքական համագործակցությունը, այլև մեծ ուշադրություն դարձնելու ամենատարբեր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական ոլորտում փոխգործակցությանը:

«Նա պատահական չի համարել, որ իր հետ Հայաստան է ժամանել ավստրիացի գործարարների մեծաթիվ պատվիրակություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրների գործարար համայնքների միջև շփումները և Երևանում նախարար Կուրցի այցի շրջանակներում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնումն զգալիորեն կխթանեն երկկողմ առևտրատնտեսական կապերը»,- փոխանցում է պաշտոնական աղբյուրը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հումանիտար, մշակութային կապերը երկու ժողովուրդներին կամրջող կարևոր գործոններից են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի իշխանություններին և ժողովրդին՝ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության, Մխիթարյան Միաբանության հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար, ինչի շնորհիվ Վիեննան դարձել է հայագիտության ճանաչված կենտրոններից:

Սերժ Սարգսյանը և Սեբաստիան Կուրցն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին և հեռանկարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG