Մատչելիության հղումներ

Փորձագետը քիչ հավանական է համարում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը


Հայ-ադրբեջանական սահմանին լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը մոտ ապագայում քիչ հավանական է, ասում է Լեռնային Ղարաբաղի հարցով ամենահեղինակավոր միջազգային փորձագետներից մեկը՝ Թոմաս դե Վաալը:

«Այս պահին ես, փառք Աստծո, չեմ տեսնում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն: Բայց կարճաժամկետ բախումների վտանգ կա՝ այնպես, ինչպես եղավ օգոստոսին»,- երկուշաբթի Երևանում հայտարարեց փորձագետը։

Թոմաս դե Վաալի կարծիքով, լարված իրավիճակ սահմանին, ինչպես այս տարվա հուլիս-օգոստոսին էր, կարող է նորից լինել այն դեպքում, եթե Ադրբեջանում ներքին քաղաքական պառակտումներ սկսվեն:

«Պետք է հասկանանք, որ ղարաբաղյան հարցը մի թեմա է, որը միավորում է Ադրբեջանի ժողովրդին, և երբ Բաքվի իշխանությունները զգում են, որ իրենց դիրքերը թուլանում են, նրանք դա շահարկում են: Կարող եմ ասել, որ հիմա Ադրբեջանի իշխանությունների դիրքերը շատ ամուր են, բայց մի 5 տարի հետո հնարավոր է, որ նրանք այդ գայթակղությունը ունենան օգտագործել Ղարաբաղի խաղաքարտը, առավել ևս, որ բանակը ավելի լավ վերազինված կլինի»,- ասաց փորձագետը։

Թոմաս դե Վաալը նշում է, որ թեև այժմ սահմաններին հարաբերական խաղաղություն է հաստատվել, սակայն ամբողջ թափով շարունակվում է տեղեկատվական պատերազմը, ինչը խորացնում է ատելության մթնոլորտը հայերի և ադրբեջանցիների միջև: Դա էլ ավելի կդժվարացնի Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման հնարավորությունը, ասում է նա:

«Ես կարծում եմ, որ այստեղ, իհարկե, գործ ունենք հեռետորաբանության պատերազմի հետ, խոսքերի պատերազմի հետ, որը, ցավոք, հասարակության մոտ թշնամական ֆոն է ստեղծում, և որը բացասաբար է ազդում իրավիճակի վրա»:

Լրագրող, մեկնաբան Մարկ Գրիգորյանն ասում է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը երկարաժամկետ է և գոնե մոտ ապագայում դրա վերջնական լուծման հեռանկարները տեսանելի չեն: Հատկապես հիմա, երբ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները վախի մեջ են և խուսափում են հայերի հետ հանդիպումից:

Տարբեր գնահատականներով այսօր Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալ կա, ոմանք մեղադրվում են անգամ պետական դավաճանության մեջ: Մինչդեռ 10 տարի առաջ հայ և ադրբեջանցի փորձագետները, լրագրողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանգիստ հանդիպում էին իրար հետ, և թշնամանքի նման մթնոլորտ չկար:

«Արդեն մի սերունդ մեծացել է և այդ մեծացած սերնդի համար համաձայնության գալը ավելի դժվար է, քան այն սերունդների համար, որոնք ապրել են միասին, տեսել են իրար»,- ասաց Գրիգորյանը։

Ադրբեջանում հույս ունեին, որ սահմաններին լարվածությունը կարող է ստիպել Հայաստանին և միջազգային հանրությանը զիջումների գնալ, նրանք նաև փորձում էին ցույց տալ, որ Ադրբեջանը չի մերվել այս իրականության հետ, ասում է ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանն ու փաստում՝ հուլիս-օգոստոսյան լարվածությունը ցույց տվեց, որ այդ կերպ, այնուամենայնիվ, իրավիճակ չես փոխի:

«Հետևաբար, իրականում այն, ինչ մենք ունենք այս պահին և այն, ինչ կունենանք մոտակա 2-3 տարիների ընթացքում այս ստատուս քվոյի շարունակությունն է, որի շուրջ կլինեն հայտարարություններ և Սերժ Սարգսյանի, և Ադրբեջանի ղեկավարության, և համանախագահների կողմից»,- ասաց Մինասյանը։

XS
SM
MD
LG