Մատչելիության հղումներ

Լոգոպեդը հեռացվել է աշխատանքից կենսաթոշակային տարիքի պատճառով


Դաս երևանյան դպրոցներից մեկում։

Դաս երևանյան դպրոցներից մեկում։

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի խոսքով, ըստ ՍԴ նախադեպային որոշման, կենսաթոշակային տարիքի լրանալը չի կարող աշխատանքից ազատման պատճառ լինել:

Թիվ 27 դպրոցի լոգոպեդ Ալվարդ Մուսինյանը մոտ մեկ ամիս է, ինչ հեռացվել է աշխատանքից: Նա պնդում է, որ պատճառը իր՝ կենսաթոշակային տարիքի լրանալն է։ 63 տարին լրանալուն պես տնօրենը հեռացրել է նրան աշխատանքից և միայն դպրոցի միջանցքում տեղեկացրել այդ մասին:

Մուսինյանը նշում է, որ միայն թոշակի անցնելու համար տնօրենը պարզապես իրավունք չուներ իրեն հեռացնելու, այն դեպքում, երբ այդ նույն դպրոցում աշխատում են թոշակի անցած 10 մանկավարժներ:

«Ես ի վիճակի եմ իմ պարտականությունները կատարելու, ծնողները միշտ ինձնից գոհ են եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալվարդ Մուսինյանը:

Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիա Օհանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ինքն իսկապես հեռացրել է լոգոպեդին թոշակային տարիքի պատճառով, նաև չհերքեց, որ դպրոցում աշխատում են մանկավարժներ, որոնք թոշակի անցնելուց հետո մոտ 10 տարի է շարունակում են իրենց գործունեությունը:

Հարցին, թե ինչու է հեռացրել դպրոցի միակ լոգոպեդին, այն դեպքում, երբ դեռ 10 թոշակառուներ էլ աշխատում են, Օհանյանը պատասխանեց․ - «Այդ թոշակառուները այն ուսուցիչներն են, որոնց համար ժամ առայժմ կա, եթե ժամի խնդիր լինի, բնականաբար, առաջինը այդ թոշակառուներից կազատվենք: Օրենքը թույլ է տալիս հենց 63-ը լրանալուն պես հեռացնել աշխատանքից, Ալվարդի հարցում ես կարգի խախտում չեմ թույլ տվել»:

Տնօրենի պնդմամբ՝ դպրոցը նաև ներառական է, և իրենք այլևս առանձին լոգոպեդի կարիք չունեն:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ասում է, որ սա միակ դեպքը չէ, երբ տնօրենը անձնական պատճառներից ելնելով՝ հեռացնում է ուսուցչին: Բախշյանը համոզված է, որ տնօրենները պարզապես իրավունք չունեն հեռացնել մասնագետին, եթե վերջինս պատշաճ կերպով կատարում է իր աշխատանքը: Ուսուցիչը կարող է դատարան դիմել և վերականգնվել:

«Ինչպես գրված է Սահմանադրական դատարանի նախադեպային մի որոշման մեջ, թոշակի տարիքը չի կարող լինել աշխատանքից ազատման պատճառ: Պարզ է, որ դպրոցի տնօրենները, կրթության շահերից ելնելով, պետք է կատարեն ուսուցչի ընտրությունը: Եթե ուսուցիչը թոշակի տարիքի մեջ է, բայց ինքը կրթություն է ապահովում և իր ներկայությունը անհրաժեշտ է դպրոցին, երեխաներին ուղղակի հանցագործություն է էդ ուսուցչից ազատվելը», - ասաց Բախշյանը:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշում է, որ արդեն մի քանի տարի է դպրոցներում օպտիմալացում է իրականացվում, հեռացվում են ուսուցիչներ, որոնք շաբաթական մի քանի ժամ են դասավանդում: Ինչ վերաբերում է թոշակառուներին, Հովհաննիսյանը նշեց, որ նրանք պետք է իրենց տեղը զիջեն երիտասարդներին:

Աշխատանքից հեռացված Ալվարդ Մուսինյանը դիմել է Կրթության նախարարություն, քաղաքապետարան, նամակ է գրել վարչապետին, սակայն դեռևս արձագանք չի ստացել:

«Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ իրեն անհանգստացնում է ոչ միայն այն, որ կորցրել է 14 տարվա աշխատանքը, այլ նաև սոցիալական խնդիրը․ - «Զուտ կենսաթոշակով ապրել այսօր բացարձակապես հնարավոր չէ»:

XS
SM
MD
LG