Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կհրապարակվի այսօր


Ըստ լուրերի՝ այս անգամ թիրախում կարող են հայտնվել 24 անհատներ, որոնց մուտքը ԵՄ կարող է արգելվել, եվրոպական բանկերում ֆինանսներն էլ՝ սառեցվել:

Ուրբաթ օրը համաձայնեցված Ռուսաստանի դեմ եվրոպական նոր պատժամիջոցների փաթեթը կարող է հաստատվել այսօր և վաղվանից արդեն մտնել ուժի մեջ: Սակայն Եվրամիությունը սպասում է Մոսկվայի քայլերին: Եթե պաշտոնական Մոսկվան հետ քաշի իր զորքերն Ուկրաինայից և համաձայնվի իրական հրադադարի, պատժամիջոցները կարող են գործի չդրվել:

Այս փուլի պատժամիջոցները կարող են մեծ դժվարություններ ստեղծել Եվրոպայում գործող ռուսական պետական ընկերությունների համար: Օրինակ, խոսակցություններ կան, որ այս անգամ թիրախում կարող են հայտնվել ոչ միայն նավթային հսկաների՝ «Ռոսնեֆտ»-ի ու «Գազպրոմ»-ի Եվրոպայում գործող մասնաճյուղերը, այլ նաև 24 անհատներ, որոնց մուտքը Եվրամիություն կարող է արգելվել, եվրոպական բանկերում ֆինանսներն էլ՝ սառեցվել:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ նոր պատժամիջոցները կարժանանան պատասխանի:

Ավելի վաղ դիվանագետները պնդում էին, որ պատժամիջոցներն ուժի մեջ չեն մտնի` ժամանակ տալով Պուտինին ցուցադրել խաղաղության ձգտումները, սակայն հանգստյան օրերին պարզ դարձավ, որ ուկրաինական պատերազմը ամենևին չի ավարտվել:

Եվրոպական հեռուստաալիքները հեղեղված էին նյութերով այն մասին, թե ինչպես է հրադադարի ռեժիմը խախտվում, մարդկանց տներն՝ այրվում, կրակոցներ հնչում:

Հաստատելով, որ որոշումը կհրապարակվի արդեն այսօր, սեպտեմբերի 8-ին, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական Խորհրդի նախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ պատժամիջոցները նպատակ ունեն արագ արձագանքման գործիք դառնալ Ուկրաինայում Ռուսաստանի քայլերի նկատմամբ:

Ուրբաթ Ուկրաինայի ներկայացուցիչները և ռուսամետ անջատողականները Մինսկում համաձայնել էին դադարեցնել հինգամսյա պատերազմն ու պահպանել հրադադարը, սակայն Եվրոպական կողմից թերահավատներ կային: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն, օրինակ, նշել էր, որ պետք է համոզվել, թե արդյոք իրականում հրադադարի ռեժիմը պահպանվում է, և կիրառվում են բոլոր համաձայնությունները, ըստ այդմ էլ՝ ԵՄ կորոշի իր քայլերը:

Ձմռանն ընդառաջ՝ ռուսական համեմատաբար էժան գազից կախված Եվրոպական որոշ երկրներ, հատկապես Սլովակիան ու Չեխիան, կարող են մեծ դժվարությունների առաջ կանգնել, սակայն դիվանագետներն ասում են, որ «Գազպրոմը» չի հայտնվել պատժամիջոցների թիրախում:

Ռուսաստանի համար դժվարություններ ստեղծելու նպատակով ԵՄ կարող է դադարեցնել մեծ նախագծերի ֆինանսական օգնությունը, ինչպես օրինակ՝ կամուրջների, նավթամուղների կառուցման հետ կապված նախագծերը:

Եղել է առաջարկ պատժամիջոցների ցուցակում ներառել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, սակայն այն մերժվել է:

XS
SM
MD
LG