Մատչելիության հղումներ

«ԼՂ անկախության հարցը հապճեպ որոշելու հարց չէ»․ ՀԱԿ պատգամավոր


«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում, արխիվ:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում Ազատության հրապարակում, արխիվ:

Բացի 12 կետանոց պահանջներից, քառյակն առայժմ նոր պահանջներ չի ներկայացրել կառավարությանը:

Թեպետ Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերից երկուսը փակագծերը դեռևս չեն ուզում բացել, թե մասնավորապես ինչ հարցեր են բարձրացվելու մեկնարկող քառօրյայի ընթացքում, արդեն հայտնի է, որ «Ժառանգություն»-ը դարձյալ մտադիր է օրակարգ բերել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծը:

Այդ մասին ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ պնդելով, որ եթե Հայաստանն այժմ պարտադրված միանում է Եվրասիական միությանը, հատկապես այս համատեքստում Արցախի անկախության ամրագրումը դառնում է պարտադիր:

«ԲՀԿ»-ում դեռ չեն քննարկել «Ժառանգության» այս մտադրությանը միանալ-չմիանալու հարցը, այդուհանդերձ, խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը չբացառեց միանալու հավանականություն․ - «Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը ոչ ոք դեմ չի, ինչպես միշտ: Բայց պետք է քննարկել՝ արդյո՞ք հիմա է նպատակահարմար: Մենք կլսենք իրենց, և, իհարկե, եթե կհամոզեն, որ հիմա է նպատակահարմարությունը, մենք կմիանանք»:

Ավելի զգուշավոր է այս հարցում ՀԱԿ-ը: Թեպետ խմբակցությունում նույնպես առայժմ քննարկում չի եղել «Ժառանգության» բարձրացրած հարցի շուրջ, պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, այդուհանդերձ, կարծում է, որ պետք է այսօր ավելի հեռատես լինել ու մտածել, թե ինչ հնարավոր վտանգների առջև կարող է կանգնել Հայաստանն այս քայլով:

«Հայաստանում երևի չկա մի քաղաքական գործիչ, որ չցանկանա Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը օրակարգային դարձնել և ընդունել: Բայց մի այլ հարց է, թե ինչ ենք անելու հետո: Հետևաբար, ես կարծում եմ, որ դա հապճեպ որոշելու հարց չէ, և իրավիճակի սրման և զարգացման դեպքում միայն կարող ենք ծայրահեղ քայլի գնալ, որովհետև էդ մեր որոշումը կարող է խաթարել Մինսկի խմբի աշխատանքները, և ընդհանրապես անիմաստ դառնա միջնորդական էդ առաքելությունը, իսկ էդ դեպքում մենք պիտի պատրաստ լինենք լայնամասշտաբ պատերազմի», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերն այսօր մեկնարկող ԱԺ քառօրյային ընդառաջ նիստ չեն հրավիրել, և կառավարությանը ներկայացված 12 կետանոց պահանջից բացի՝ նոր միասնական պահանջներ քառյակը դեռևս չունի: «Ազատության» հետ զրույցներում ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները հաստատեցին սա՝ չբացառելով, որ քառյակի նիստը տեղի ունենա քառօրյայի ընթացքում:

«Օրակարգը կարծես թե արդեն ներկայացված է, մեծ օրակարգը, իհարկե մեզնից ամեն մեկը՝ խմբակցություններին է վերաբերում խոսքը, ունի նաև հարցեր, որոնք վեր կհանի հավանաբար հենց առաջին օրը: Ընթացքը արդեն ցույց կտա, թե ինչպես ենք շարժվելու», - ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

«Բայց կարծում եմ, ամեն մի քաղաքական ուժ ինքնուրույն որոշակի առաջնահերթություններ ունի, ինչի շուրջ ինքը կփորձի աշխատել», - նշեց Ստեփան Մարգարյանը:

XS
SM
MD
LG