Մատչելիության հղումներ

Հացադուլ է հայտարարել Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու սպանության մեջ մեղադրվողը


«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 4-ից հացադուլ է հայտարարել անցյալ տարվանից «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեղադրանքով կալանավորված Տիգրան Մելիքյանը:

Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակը հաստատեց այս տեղեկությունը և ասաց, որ Տիգրան Մելիքյանն առանձին խցում է, բժիշկների հսկողության տակ:

Հանրահայտ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու՝ «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպանության մեջ մեղադրվող Տիգրան Մելիքյանը հացադուլով պահանջում է ստուգումներ իրականացնել Դսեղի անտառտնտեսությունում: Տիգրան Մելիքյանի քույրը՝ Նառա Մելիքյանն «Ազատության» հետ զրույցում ներկայացրեց եղբոր պահանջները․ - «Ստեղծվի հատուկ խումբ, որի մեջ կմտնեն բնապահպանական տեսուչներ, անտառային մոնիթորինգի մասնագետներ, ոստիկանության, բայց ոչ Լոռու մարզի աշխատակիցներ, վարչապետի, նախագահի, գլխավոր դատախազի կողմից լիազորված անձ»:

Հացադուլ հայտարարած Տիգրան Մելիքյանը, այսօր տարածած հայտարարությամբ, այսպես է պատճառաբանել իր այդ քայլը․ - «Քանի որ այս քրեական գործը կապված է «Դսեղ»-ի անտառտնտեսությունում, որի մաս է կազմում նաև «Մոտկորի» անտառը, լայնածավալ և շարունակական ապօրինի ծառահատումների հետ, որը իրագործվում է նախկին վարչապետի կողմից նշանակած Դսեղի անտառտնտեսության տնօրեն Վահե Քառյանի, Թումանյանի ոստիկանության բաժնի պետ Արթուր Հարությունյանի և ամենակարևորը՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ներկայիս ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանի հովանավորության և «կռիշի» ներքո, որոնք միլլիոներ են քաշում Լոռվա մարզից և որով պետությանը, բյուջեին, բնությանը, մարդկանց և մեր հետագա սերունդներին պատճառում է միլիարդավոր դրամների վնաս, ապա ամեն կերպ խեղաթյուրվում են փաստերը, որպեսզի ոչ մի կերպ այս գործը չկապակցվի ապօրինի ծառահատումների հետ և ներկայացվի որպես կենցաղային բնույթի դիտավորյալ սպանություն: Ես խորին ցավ եմ ապրում Թովմա Մաթևոսյանի մահվան համար, բայց ես գործել եմ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում: Մենք երկուսս էլ կոռուպցիոն համակարգի զոհ դարձանք, մի երիտասարդ չկա, մյուսին էլ շարունակում են կործանել»:

Տիգրան Մելիքյանի քույրը եղբոր փաստարկները ներկայացրեց այս ձևակերպմամբ․ - «Իրենք ոստիկանությունից ստացել են գրություն, որ՝ գնացեք, այնտեղ չափագրեք ինչքան ծառ է կտրվել, և այլն, և այլն: Այսինքն, Թովմա Մաթևոսյանին պատկանող անտառատնտեսությունում ապօրինի ծառահատումները չափագրելը և պատճառված վնասի չափը որոշելն է իրենց պարտականությունները: Բայց այդ ընթացքում նրանք հանդիպել են Թովմա Մաթևոսյանի կողմից խոչընդոտի, ենթարկվել է դաժան ծեծի, հայհոյանքի և ինքնապաշտպանվել է: Ամեն ինչ կոծկվում է»:

Թովմա Մաթևոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը Տիգրան Մելիքյանի հացադուլի կապակցությամբ «Ազատությանը» փոխանցեց․ - «Բացարձակապես տրամաբանությունից դուրս եմ համարում նման ստուգումներ իրականացնելը Տիգրան Մելիքյանի գործի շրջանակներում: Իրեն մեղադրանք է առաջադրվել սպանության համար, և իր կողմից սպանություն կատարելը հիմնավորված է: Դսեղի անտառտնտեսությունում եղել են խախտումներ, թե չեն եղել խախտումներ, դրանից իր գործի իմաստը չի փոխվում, ինքը կատարել է դիտավորյալ սպանություն: Տիգրան Մելիքյանը, այդ պահին առանց որևէ հիմքի, հայտարարել է, թե իր կարծիքով ապօրինի ծառահատումներ են տեղի ունենում տուժողի կողմից սպասարկվող տարածքում, որի հետ կապված վիճաբանություն է եղել: Նույն օրը երեկոյան Տիգրան Մելիքյանն է զանգել, տուժողին հանդիպման կանչել, և խոսակցության ընթացքում դանակով հարվածել նրա սրտին: Ուստի տուժող կողմի համար բացարձակապես տրամաբանությունից դուրս են այդ պահանջները»:

Փաստաբանը նաև հայտարարեց, թե «բացարձակապես տեղին չեն» Տիգրան Մելիքյանի խոսքերը անհրաժեշտ պաշտպանության մասին:

Քրեական գործը քննում է Վանաձորի դատարանը: Այժմ հարցաքննության են հրավիրվում վկաները, ապա պետք է ցուցմունք տա նաև Տիգրան Մելիքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG