Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքագետ․ ՆԱՏՕ-ի հռչակագրում առկա ձևակերպումները չխոչընդոտեցին Կոսովոյի ծնունդը


Հայաստանյան քաղաքագետները, մեկնաբանելով Ուելսում ընդունված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի՝ Հարավային Կովկասին վերաբերող հատվածը, այն համարում են հավասարակշռված փաստաթուղթ:

Հռչակագրում ասված է, որ դաշինքի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:

«Այս հակամարտությունների գոյությունը մտահոգություն է պատճառում և նվազեցնում է տարածաշրջանի ժողովուրդների ողջ ներուժի բացահայտումը՝ որպես եվրոատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողական լինել և ամուր քաղաքական կամք դրսևորելով մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձևաչափերի մեջ»,- ասված է հռչակագրում:

Ինչպես 2012թ-ին՝ Չիկագոյում, այնպես էլ երեկ Ուելսում ընդունված հռչակագրում ՆԱՏՕ-ի անդամներն ասում են, որ կշարունակեն աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, հիմնվելով վերոհիշյալ սկզբունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա:

Հիշեցնենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքներն են տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքը։ Արդեն երկրորդ անգամ հռչակագրում ուղիղ խոսքով չի նշվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, այդուհանդերձ կարելի՞ է ենթադրել, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը հիշատակելով՝ ՆԱՏՕ-ն ակնարկում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին:

«Բայց դա նույնպես կարելի է երկակի ձևով մեկնաբանել՝ արդյո՞ք դա Ղարաբաղի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ, և բացի Հայաստանից՝ բոլոր այլ նշված երկրների խնդիրների հետ ավելի կապված չէ», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Մինչդեռ քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ հռչակագրում առկա ձևակերպումները չխոչընդոտեցին նախկին Հարավսլավիայի տարածքում մի շարք պետությունների, այդ թվում՝ Կոսովոյի ծնունդը:

«Ես կարծում եմ, որ ընդունված այդ կետը բալանսավորված կետ է: Ի վերջո, իհարկե, այնտեղ Հայաստանին լիովին, 100 տոկոսանոց ձեռնտու ձևակերպումներ չեն, բայց, այնուամենայնիվ, այնտեղ նաև այնպիսի ձևակերպումներ չեն, որոնք 100 տոկոսով ձեռնտու են Ադրբեջանին կամ Թուրքիային: Ի վերջո՝ տեղի ունեցավ Կոսովոյի պետության ծնունդը, տեղի ունեցան նախկին Հարավսլավիայի պետությունների ծնունդը, այսինքն ես չեմ տեսնում ընդունված հռչակագրում որևէ խոչընդոտ, որպեսզի հայկական դիվանագիտությունը կարողանա պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր լեգիտիմ իրավունքները», - ասում է քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, առհասարակ Ուելսի գագաթնաժողովն ուղղված էր Ռուսաստանին սանձելուն և հակազդելուն: Երեկ Ուելսում ընդունված հռչակագրի առանցքային կետերից է Ռուսաստանին վերաբերող հատվածը: Այստեղ, մասնավորապես, կարդում ենք․ - «Ռուսաստանի կողմից Ղրիմի ապօրինի օկուպացիան և ռազմական ներխուժումը արևելյան Ուկրաինա լեգիտիմ մտահոգություններ են առաջացրել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների մոտ»:

«Սրանք որոշումներ էին, ուղղված՝ հակազդելու Ռուսաստանին, զսպելու Ռուսաստանին և կարգի հրավիրելու Ռուսաստանին: Այսինքն՝ ամբողջությամբ ոգին էր տարբերվում ի համեմատություն նախորդ գագաթնաժողովի: Եվ սա շատ էական է», - մեկնաբանում է Մեհրաբյանը:

Այս համատեքստում, փորձագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով, շատ կարևոր էր, որ Հայաստանը գագաթնաժողովին մասնակցեց նախագահի մակարդակով:

«Առավել ևս այս պահին, երբ հասկանալի է, որ Ռուսաստանը և Արևմուտքը հակամարտության մեջ են, Հայաստանը պիտի ավելի զգուշավոր և ավելի բալանսավորված քաղաքականություն վարի, առավել ևս ելնելով այն համատեքստից, որը ստեղծվել է Հայաստանի շուրջ, կամ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ՝ անցած տարվա սեպտեմբերի 3-ի որոշումից հետո», - ասում է նա:

Թուրքիայի ներկայությունը ՆԱՏՕ-ում կաշկանդում է այս կառույցին՝ Հայաստանին անվտանգության անկեղծ երաշխիքներ տալու հարցում, կարծում է Սերգեյ Մինասյանը՝ այդուհանդերձ կարևորելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը:

«Բայց դրա հետ մեկտեղ, նաև ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ, նույնիսկ անդամ Թուրքիայի հետ մեկտեղ, Հայաստանի անվտանգության ապահովման հիմնասյուներից մեկը», - նշեց Մինասյանը:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG