Մատչելիության հղումներ

Վարդան Պետրոսյան. «Դժբախտ պատահարը քննվեց որպես կանխամտածված սպանություն»


Վարդան Պետրոսյանն առաջին անգամ ցուցմունք է տվել
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր դատարանում տված իր ցուցմունքում ներկայացրեց վթարին նախորդած ու հաջորդած զարգացումները՝ պնդելով, որ վթարից առաջ ալկոհոլ չի օգտագործել։

Ամբաստանյալը հստակեցրեց, այդ օրը իր տանը ոչ թե խնջույք, այլ նկարահանում է եղել. - «Նկարահանման ժամանակ երկու տեղ պատկերվում է, թե ինչպես է ջուրը դրվում սեղանին, որը որպես օղի պետք է ներկայացվեր: Ջուրը լցվում էր գրաֆինկայի մեջ: Նկարահանման ընթացքում, երբ լցնում են բաժակները, ասում են` դե ջուրը լցրեք: Եվ այդտեղ Սուրեն Շահվերդյանն ասում է` ստոպ, փչացրեցիք ամբողջ կադրը, նորից ենք սկսում, որովհետև հեռուստադիտողը չպիտի իմանա, որ դա ջուր է»:

Պետրոսյանը շարունակեց, որ նկարահանումներից հետո երեկոյան ինքը տանից դուրս է եկել և ուղևորվել Եղվարդի խճուղով դեպի Երևան. - «Ճանապարհին քշել եմ հանգիստ, առանց արագությունը գերազանցելու: Եղվարդ քաղաքում քշել եմ ժամում քառասուն կիլոմետր արագության վրա. այդ մասին վկայություններ արդեն կան: Հեռախոսային զանգ տեղի է ունեցել, այո: Կարճ խոսակցություն ունեցել եմ իմ հարևան Հակոբյան Օնիկի հետ: Դա տեղի է ունեցել Եղվարդ քաղաքում, նկատի ունեմ` սեփական տների տարածքում, և տեղի է ունեցել շատ կարճ»:

Ըստ դերասանի, Եղվարդ քաղաքից դուրս գալուց հետո խճուղու վրա էլ տեղի է ունեցել ավտովթարը։ Պետրոսյանի խոսքով, ինքը մեքենան վարելիս է եղել ճանապարհի աջ հատվածով, հնարավորինս կողնակին մոտ, ճանապարհն էլ լուսավորված չի եղել. - «Նկատել եմ ինձնից մի թեթև աջ գտնվող սպիտակ «Նիվա», որի հետադարձ լույսը վառված էր: Ես մի քանի անգամ մոտակա և հեռակա լույսերով նշան եմ արել` մտածելով, որ հանկարծ կարող է թեքվի դեպի ձախ: Որովհետև ես տեսել եմ, այնուամենայնիվ, որ «Նիվա»-ն գտնվում է ինձնից աջ, ես կարող եմ հանգիստ անցնել: Անսպասելիորեն, սա շատ կարևոր հանգամանք է` «Նիվա»-ն թեքվել է դեպի խճուղին` դուրս գալով բանուկ մաս, իմ առաջ: Տարածությունը փոքր էր, ես ընդամենը կարողացել եմ արգելակել և փորձել եմ մանևրել»:

Այդ ամենին, ըստ, Վարդան Պետրոսյանի հաջորդել է բախումը «Նիվա» մակնիշի ավտոմեքենային, ինչից խուսափել այդ պահին հնարավոր չի եղել։

Դերասանն ասաց, որ վթարից հետո կորցրել է գիտակցությունը. - «Գիտակցությունս տեղն եկել է մաքուր օդի ուժեղ հոսքից: Դա եղել է այն պահին, երբ ինձ հանել են դուրս… Ինձ տարել են Եղվարդի հիվանդանոց, բուժօգնություն են ցույց տվել, առաջին օգնություն: Հարցրել են` խմա՞ծ ես, ասել եմ` ոչ: Ալկոթեստն են անցկացրել, որից հետո ինձ տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց»:

Պետրոսյանը պատմեց, որ հիվանդանոցի ճանապարհին կատակել է փրկարարների հետ` չիմանալով վթարի ողբերգական հետևանքների մասին. - «Եվ հասկանալով, որ ես հնարավոր է էս հոգեվիճակում, էս ֆիզիկական վիճակում չդիմանամ իրականությանը, այսինքն` որ երկու պատանի տղա է զոհվել, ուղղակի ինձ ասել են, որ եղել է ավտովթար, ամեն ինչ լավ է, ամենածանրը քո վիճակն է»:

Իր ցուցմունքը Վարդան Պետրոսյանը եզրափակեց անդրադառնալով մեր իրականության մեջ հաճախ հանդիպող մի երևույթի. - «Երբ հեռուստատեսությամբ տեսնում ես, որ փողոցում կրակող, իրար սպանող մարդկանց ընդամենը մեկ դեպուտատի ստորագրությամբ դուրս են թողնում, և երբ դու գիտես, որ ընդամենը շատ ծանր ողբերգության պատճառով, դժբախտ պատահարի պատճառով տասնմեկ ամիս դու նստած ես բանտում, և դու գիտես, որ քո համար ստորագրել են ոչ թե երկու դեպուտատ, այլ ամբողջ դեպուտատական կորպուս, կուսակցություն, 180 մտավորական, 21 հազար հայ ու ֆրանսիացի քաղաքացի, Ֆրանսիայի հայերի ամենահռչակավոր մարդիկ, աստղեր, և այդքանից հետո քննչական մարմինները ինձ այնքան ծանր հանցագործ են համարում, որ պահում են բանտում, ես, այնուամենայնիվ, եկել եմ այն եզրակացության, որ սա, դժբախտ պատահար լինելով, կարծես քննվեց որպես կանխամտածված սպանություն: Եվ օգտագործվեց այս ամենը ինձ վարկաբեկելու, ինձ հոգեբանորեն և ֆիզիկապես կոտրելու համար»:

Ցուցմունքից հետո Վարդան Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչների հարցերին։ Տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ իրենց հարցերին չպատասխանելով, ամբաստանյալը ցանկանում է խուսափել պատասխանատվությունից։

Տուժողի շահերի ներկայացուցիչը միջնորդեց հաջորդ նիստին հրավիրել նաև տուժողների իրավահաջորդներին, որպեսզի նրանք ևս դերասանին հարցեր ուղղելու հնարավորություն ունենան։ Այս միջնորդությանը Վարդան Պետրոսյանը դեմ արտահայտվեց` ասելով, որ այդպիսով փորձ է արվում հոգեբանորեն ազդել այդ մարդկանց վրա։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Վարդան Պետրոսյանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:

XS
SM
MD
LG