Մատչելիության հղումներ

Հայաստանից տարեկան հեռանում է մոտ 35 հազար մարդ


Հայաստանից տարեկան հեռանում է մոտ 35 հազար մարդ։ Հեռանալու պատճառը հիմնականում տնտեսական է։ Այս մասին է փաստում Միգրացիայի միջազգային կազմակերպության և պետության պատվերով Սլավոնական համալսարանի իրականացրած ուսումնասիրությունը, որը կհրապարակվի առաջիկա օրերին։

«Ազատությունը» հետազոտության արդյունքների վերաբերյալ զրուցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանի հետ։

«Գնալու պատճառը հիմնականում տնտեսական է. մարդիկ, որպես կանոն, իրենց գնալը կապում են գործազրկության հետ։ Կարևոր է նկատել, որ արտագաղթի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական է», ասաց Տեր-Մինասյանը։

Ըստ այս ուսումնասիրության՝ վերջին 6 տարում Հայաստան է վերադարձել 80 համար մարդ, տարեկան՝ մոտ 13 հազար։ Հեռացած ու վերադարձած մարդկանց տարբերությունը 22 հազար է, որոնց ավելի քան 80 տոկոսը գնացել է Ռուսաստան։ Ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ասում է, որ այս թիվն ավելի քան մտահոգիչ է։

«Տարեկան 20 հազարից ավելի մարդ հեռանում է մի երկրից, որտեղ մնացել է 2.5 միլիոնից մի քիչ ավելի մարդ։ Տարեկան մոտ 20 հազար մարդու «կորուստը» Հայաստանի համար լուրջ կորուստ է։ Պետք է հատկապես հաշվի առնել հեռացողների տարիքային խումբը։ Հիմնականում գնում են երիտասարդ ու աշխատունակ տարիքի մարդիկ»,- ասաց ազգագրագետը։

Հեռացողների ավելի քան 50 տոկոսը 20-54 տարեկան է։ Այս մարդկանց 63 տոկոսը Հայաստանում գործազուրկ է եղել։ Հեռացողների 82 տոկոսը տղամարդիկ են։ Իլոնա Տեր-Մինասյանը նկատում է, որ Հայաստանից հեռանում են հիմնականում համեմատաբար ցածր որակավորում ունեցող մարդիկ։ Արտագաղթողների շարքում բարձրագույն կրթությամբ մարդիկ կազմում են մոտ 17 տոկոս։

«Այս հետազոտության արդյունքում, սկզբունքորեն, մեզ համար չափազանց անսպասելի փաստեր չեն պարզվել, այլ հաստավել է այն, ինչ մենք ենթադրում էինք։ Բացահայտնում չէ, որ մարդիկ գնում են Ռուսաստան, բացահայտում չէ, որ գնում են աշխատելու հիմնականում շինարարության ոլորտում, կատարում են տեխնիկական հմտություններ պահանջող աշխատանք»,- ասաց Տեր-Մինասյանը։

Հետազոտության արդյունքների հրապարակմանն անհամբեր սպասում էին շատ մասնագետներ, որովհետև նման մեծածավալ ուսումնասիրություն վերջին անգամ Հայաստանում իրականացրել էր 6 տարի առաջ՝ 2007 թվականին ՄԱԿ-ի կողմից, իսկ պետություն մասնակցությամբ ուսումնասիրություն չէր կատարվել 2001 թվականից ի վեր։

Այս ուսումնասիրության համար, հիշեցնենք, կառավարությունը, դեռևս Տիգրան Սարգսյանի օրոք տրամադրեց 13 միլիոն դրամ՝ որպես համաֆինանսավորող։ Ուսումնասիրության դաշտային աշխատանքներն ավարտվել էին դեռ անցյալ տարվա սեպտեմբերին, և սպասվում էր, որ արտագաղթի ցուցանիշները բացահայտող հետազոտությունը կհրապարակվեր դեռ 2014-ի սկզբին, սակայն այն դեռ պաշտոնապես չի հրապարակվել

Իլոնա Տեր-Մինասյանը բացատրում է, որ պատճառները տեխնիկան էին, թեև շրջանառվում էր այն վարկածը, որ Հայաստանի պետական այրերն են հրահանգում կամ համոզում, որ հետազոտությունն ավելի շուտ չհրապարակվի։

«Մասնագետը, ում ընտրել էինք, որ կատարեր աշխատանքը, Հայաստանում չէր եղել, և մոտ 3-4 ամիս վերլուծեց այս ահռելի ինֆորմացիան, հետո սկսվեցին կատարվել ճշգրտումներ, խմբագրում, թարգմանություն և այլն, աշխատանքն իրոք մեծածավալ էր։ Սա էր ուշացման պատճառը», - ասաց նա։

Ուսումնասիրությանը գրքի տեսքով լույս կտեսնի առաջիկայում ու կտեղադրվի կայքերում, պաշտոնական ներկայացում տեղի չի ունենա։

XS
SM
MD
LG