Մատչելիության հղումներ

Բնապահպանության նոր նախարարը համաձայն չէ, թե «կադրային ջարդ» է անում


Բնապահպանության նոր նախարարը համաձայն չէ, թե «կադրային ջարդ» է անում
please wait

No media source currently available

0:00 0:05:07 0:00

Բնապահպաններին նախարարության «աչքն ու ականջը» համարող նախարարը մի շարք հարցերում համաձայն չէ նրանց հետ:

Շուրջ 4 ամիս է, ինչ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը Բնապահպանության նախարարի պաշտոնն է զբաղեցնում, բայց արդեն հասցրել է արժանանալ մամուլի քննադատությանը:

Իր պաշտոնավարումից օրեր անց լուրեր տարածվեցին, թե աշխատակիցներից մեկին վիրավորելով՝ հեռացրել է աշխատանքից, իսկ հետո ծեծի է ենթարկվել նախարարի վարորդի կողմից:

«Իմ աշխատանքով ես կարողացել եմ ցույց տալ, թե ես ով եմ: Թե ինչ են խոսում, դա երկրորդական է: Իհարկե, ես չուզողներ կունենամ, էհ, հնարավոր է, որ նմանատիպ մարդիկ կարողանան ինչ-որ երանգներ գցել, բայց դա իրականությունը չի», - հերքելով այդ լուրերը՝ «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում ասաց նախարար Գրիգորյանը:

Շաբաթներ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի, Բնապահպանության նախարարության աշխատակիցներից մի քանիսը ձերբակալվել են առանձնակի խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու համար: Նախարարից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հնարավոր է առանց վերին օղակների՝ մասնավորապես իր իմացության, նման ակնառու խախտումներ անել: Գրիգորյանն ասաց, որ պատասխանատու է միայն իր ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների համար:

Օրեր առաջ էլ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց նախարարի աշխատակազմի ղեկավարը:

«Ազատության» հետ զրույցում նախարարը սա «կադրային ջարդ» չհամարեց և ասաց, որ տարածված լուրերը, թե շտապում է ազատվել նախկին նախարարի կադրերից, սուբյեկտիվ են:

Դիտարկմանը, թե նախարարությունում վերջերս աշխատանքի է ընդունել ԱԺ հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Սահակ Մուրադյանին, մամուլում էլ շրջանառվում են լուրեր, թե Մուրադյանն իր բարեկամն է, և որ, առհասարակ, նորանշանակ նախարարը սկսել է իր մտերիմներին աշխատանքով ապահովել, Գրիգորյանն արձագանքեց, թե հանրապետական պատգամավորը իր բարեկամը չէ, բայց և ընդունեց, որ նոր աշխատակիցը իր նախկին օգնականն է:

Բնապահպաններն անհանգստացած են, որ Սևանի ավազանում ստեղծվող իշխանի մանրաձկան արտադրությունը կործանարար կլինի Սևանա լճի համար․ լիճը կվերածվի ճահճի, ու կփոխվի ջրի որակը:

Բնապահպաններին նախարարության «աչքն ու ականջը» համարող նախարարն այս հարցում բնապահպանների կարծիքը չի կիսում: Գրիգորյանն ասաց, որ ռիսկերը հաշվարկված են, և որ փորձնական ծրագիրը ցույց է տվել, որ լճին վտանգ չի սպառնում:

Ամուլսարից ոսկու կորզման ծրագրին արդեն տևական ժամանակ է, ինչ անհանգստության թեմա է բնապահպանների ու տեղի բնակիչների համար: Վերջիններս ահազանգում են, որ Ջերմուկին մոտ գտնվող այս հանքավայրի շահագործման արդյունքում թունավոր տարրեր են արտաքին միջավայր նետվելու, ինչը, ըստ նրանց, աղետալի հետևանքների կբերի:

Նախարարն այս հարցում էլ համաձայն չէր բնապահպանների հետ․ - «Դուք ի՞նչ եք կարծում, եթե երկիրը ունենար այլ հնարավորություններ, տնտեսությունը զարգացնելու այլ միջոցներ, մենք չէի՞նք օգտագործի դա: Հնարավորինս կարողացանք հաշվի առնել տարածքի բնակչության շահերը, մեզ շռայլություններ չթույլատրենք»:

Արամայիս Գրիգորյանը նաև վստահեցրեց, թե խիստ է լինելու հանքարդյունաբերության ու փոքր ՀԷԿ-երի շահագործման հարցում:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք նա կարող է պատշաճ խստություն պահպանել, քանի որ դրանց սեփականատերերը հիմնականում բարձրաստիճան այրեր ու մեծահարուստներ են, նախարարն արձագանքեց․ - «Օրենքի առաջ բոլորն էլ հավասար են: Իհարկե հավատում եմ դրան»:

Բազմաթիվ մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն՝ Սյունիքի մարզն անապատացման եզրին է: Նախարարը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյոք ինքը կբնակվեր, օրինակ, Քաջարանում կամ Կապանում:

«Երբ որ փորձում եմ հարազատներիս հետ դուրս գալ Սյունիքի տարածաշրջան, ուրեմն, բնությունը, տեղանքը ինձ շատ հաճելի է, դուրեկան է: Բնականաբար հանքարդյունաբերությունը իր հետևից նաև որոշակի աղտոտվածություն կթողնի, բայց երբ որ դրան զուգահեռ մարդիկ կարողանում են տարածաշրջանի հետ կապված լուրջ աշխատանքներ իրականացնել, բնապահպանության ոլորտի հետ կապված իրենց խնդիրները օրենքի առաջ հստակ կատարել, դրանք մեզ համար ողջունելի են», - ասաց Գրիգորյանը:

Հարկ է նշել, սակայն, որ հենց օրենքի անկատարությունից են դժգոհում բնապահպանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG