Մատչելիության հղումներ

Մասնագետների պնդմամբ՝ մանկապարտեզներին կասկածելի սնունդ է մատակարարվում


Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը բացառեց, որ երեխաներին անորակ սնունդ է մատուցվում:

Չնայած փչացած հավի մսի շուրջ ծագած վերջին աղմուկին, այսօր էլ մանկապարտեզներին է մատակարարվում կասկածելի և վտանգավոր սնունդ: Այս մասին պնդում են Երևանի ավագանու Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը և «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը, ովքեր ուսումնասիրություններ են անցկացրել Երևանի մանկապարտեզներում:

Վեց տասնյակ պայմանագրերից ու հայտնաբերված կասկածելի դեպքերից Բաբկեն Պիպոյանը մի քանի օրինակ առանձնացրեց:

««Նուբար 1» ՍՊԸ-ը պարտավորվել է հազար ութ հարյուր դրամով մատակարարել փափուկ, ոսկրահան տավարի միս: Ոսկորով տավարի մսի մեկ կիլոգրամն է ավելի թանկ: Հիմա, որ վաղը մանկապարտեզում ոստիկանությունը գնա հայտնաբերի, որ սատկած կենդանու միս են տարել, պիտի զարմանա՞: Ուրեմն, 269 դրամով կաթ է մատակարարում «Խակ» ՍՊԸ-ը, երբ որ խոշոր արտադրողների մեծ մասի հետ խոսում ենք, 330-350 էժան կաթ բաց թողնող չկա երկրում», - ասաց Բաբկեն Պիպոյանը:

Պայմանագրերն ուսումնասիրելու արդյունքում ընդդիմադիր Անահիտ Բախշյանը նաև մի շարք փաստեր է հայտնաբերել, որոնք վկայում են, որ երեխաների առողջության համար կարևոր այս հարցում անգամ շատ հաճախ հաղթում է բարեկամ-ծանոթի սկզբունքն ու հայտարարված մրցույթներում հաղթող են ճանաչվում պաշտոնյաների մերձավորները: Բախշյանի խոսքով՝ կասկած չկա, որ երեխաներին շատ հաճախ անորակ և նախատեսվածից էլ շատ ավելի քիչ սնունդ է մատուցվում:

«Ընդհանրապես տարածված երևույթ է, ատկատը գործում է նաև այստեղ, անպայման գործում է ծանոթ ընկերությունը, և այն փաստը, որ մրցույթը շահում են այն կազմակերպությունները, ովքեր սրա նրա բարեկամներն են: Այսինքն, այս համակարգը այն աստիճան անբարոյական է, որ մեր երեխաների առողջությունը վտանգելու գնով դիզում են, յուրացնում են պետության գումարները», - նշեց Բախշյանը:

Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն «Ազատության» հետ զրույցում չհամաձայնեց հնչող մեղադրանքների հետ՝ նշելով, որ իրենք վերջին շրջանում պարբերաբար շրջայցեր են կատարում մանկապարտեզներ, ստուգում սննդի որակը, և ոչ մի կասկածելի բան այս ընթացքում չեն հայտնաբերել:

«Մենք բոլոր մանկապարտեզներում ենք եղել երկու տարբեր խմբերով, ամբողջն ուսումնասիրվել է: Էս պահին որևէ խնդիր չունենք, չենք էլ ունենալու, բացառվում է», - ասաց Սողոմոնյանը:

Բաբկեն Պիպոյանը համոզված է, որ ոստիկանությունը առաջիկայում ևս ահազանգեր կստանա և վտանգներ կհայտնաբերի, քանի դեռ ոլորտում բացերը շատ են, և մատակարարների առջև դրված պահանջները հստակեցված չեն:

Նա տեղեկացրեց, որ իրենց ուսումնասիրությունները արդեն իսկ ուղարկել են կառավարություն, նաև մի շարք առաջարկներ են արել, որոնք հետագայում թույլ կտան կանխել անորակ սննդի մատակարարումը մանկապարտեզներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG