Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն գաղտնի է պահում «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը


Ընդդիմադիրներն ու «Մարտի 1»-ի գործով նախկին Փաստահավաք խմբի անդամները տարակուսած են այս գործով քննչական խմբի ղեկավարի անձը գաղտնի պահելու Հատուկ քննչական ծառայության վարքագծից։

«Ազատության» զրուցակիցները չէին բացառում, որ «Մարտի 1»-ի քննչական խումբը ղեկավար ընդհանրապես չունի, գործն էլ փաստացի կասեցվել է, բայց աղմուկից խուսափելու համար տեղեկատվությունը առայժմ թաքցվում է։

Անցած շաբաթ մամուլը հրապարակեց տեղեկատվություն, որ Վահագն Հարությունյանից հետո Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար նշանակված Վաղինակ Ջանազյանը գրեթե մեկ տարի է այլ պաշտոնի է անցել, նշանակվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալ, բայց որևէ հաղորդագրություն չի տարածվել ոչ այս, ոչ էլ քննչական խմբի նոր ղեկավար նշանակելու մասին։

«Ազատության» հարցմանը, թե ո՞վ է քննչական խմբի նոր ղեկավարը, եթե Ջանազյանը իրոք փոխվել է, Հատուկ քննչական ծառայությունից պատասխանեցին.- «Քրեական գործի կարևորությունից ելնելով, երբ քննչական ակտիվ գործողություններ են կատարվում, նախաքննության այս փուլում նպատակահարմար չենք գտնում քննության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել՝ ելնելով նախաքննության գաղտնիության պահպանության սկզբունքից»։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացնելով, որ ոչ իրենք և ոչ էլ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ու նրանց փաստաբանները չեն տեղեկացվել քննչական խմբի ղեկավարի փոփոխության մասին, տարակուսանք հայտնեց լրատվամիջոցներին Հատուկ քննչական ծառայության այս պատասխանի առնչությամբ։

«Ես չեմ կարող մեկնաբանել նման արտահայտություն, նման միտք։ Վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավարը չի կարող գաղտնի համարվել, որովհետև եթե ես այսօր ուզում եմ օրինակ միջնորդություն ներկայացնեմ, ո՞ւմ ներկայացնեմ, ես չեմ կարող գաղտնիքին միջնորդություն ներկայացնել»,- նշեց Խաչատրյանը.- «Օրենքով սահմանված է, թե ինչ բան է նախաքննական գաղտնիքը։ Վստահեցնում եմ ձեզ, օրենքի մեջ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարի անունը այդ ցանկում չկա»։

Հատուկ քննչական ծառայությանը մեղադրելով Մարտի 1-ի բացահայտման հարցում անգործություն ցուցաբերելու մեջ՝ Խաչատրյանը չբացառեց, որ խմբի ղեկավար այս պահին կարող է և չլինել։ Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» քրեական գործի կասեցված լինելու հնարավորությանը, իրավաբանը վկայակոչեց Քրեական դատավարության օրենսգիրքը, որը պարզապես պարտավորեցնում է քննչական մարմնին գործի կասեցման կամ կարճման դեպքում անհապաղ տեղյակ պահել կողմերին։

«Այս պահի դրությամբ մենք այդ պաշտոնական գրությունը չունենք։ Բայց հաշվի առնելով, որ գործ ունենք այնպիսի կամակատար նախաքննական մարմնի հետ, որը իշխանությունների պատվերն է կատարում մասնավորապես այս գործով, մեծ հաշվով խելագարության կանխավարկածից ելնելով նաև չեմ բացառում, որ հանկարծ կարող է պարզ դառնալ նաև այդպիսի հանգամանք»,- նշեց Խաչատրյանը հավելելով.- «Եվրադատարանը Մարտի 1-ի գործը լսելու ժամանակ ուշադրություն կդարձնի պետության կողմից շարունակական անգործության այս փաստերի վրա»։

Նախկին Փաստահավաք խմբի անդամներից Սեդա Սաֆարյանը ամենևին զարմացած չէ ստեղծված իրավիճակից։ Չնայած խումբը 5 զեկույց է հրապարակել, սակայն մինչ օրս դրանցում զետեղված փաստերը, ըստ Սաֆարյանի, քննչական ծառայությանը չեն հետաքրքրել։

«Չեմ էլ ակնկալում, որ որևէ բան են անելու. այսքան ժամանակ որպես փաստահավաք խմբի անդամի, ինձ որևէ մեկը չի հրավիրել, ասի՝ գիտեք, կարո՞ղ է այս երևույթին Դուք ուրիշ կերպ եք նայում, եկեք ինչ-որ մի բան միասին նայենք»,- «Ազատությանը» ասաց նա։

Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը «Մարտի 1»-ի բացահայտման փակուղի մտնելու հարցում հավասարապես մեղադրում է նաև ընդդիմությանը։ Քննչական ծառայության գաղտնապահությունն էլ բացատրում է ընդամենը ասելիք չունենալով։

«Որովհետև ասելիք չունեն, որովհետև անելիք չունեն, այն ժամանակ էլ ոչ ասելիք են ունեցել, ոչ անելիք, ամեն ինչ իմիտացիայի վրա էր պատկան մարմինների կողմից իրականացվում։ Քաղաքական իշխանությունը թույլ չտվեց, որպեսզի իրավապահ մարմինները իրականացնեն լիարժեք բացահայտում, որովհետև և իրավապահ մարմինները, և ուժային ամբողջ համակարգը, ըստ էության, ներգրավված էր մարտիմեկյան դեպքերի ժամանակ։ Եվ այսօր պահանջել նույն ուժերից, որպեսզի իրենք իրենց բացահայտեն, պարզապես ծիծաղելի է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանը,- «Դա պետք է լինի քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում, որն, այնուամենայնիվ այսօր իրականություն չի, որովհետև այսօր մենք կորցրեցինք նաև ընդդիմության զբաղեցրած տեղը՝ դա հանձնելով «ոչ իշխանական ուժեր» հասկացությանը»,- ասաց Քոչարյանը։

«Այսօր ընդդիմություն չկա, կան ոչ իշխանական ուժեր, երբ որ կային ընդդիմադիր ուժեր, իշխանություններն, այնուամենայնիվ, այսպիսի պահվածք չէին դրսևորում Մարտի 1-ի հարցով։ Այսօր, երբ նույն նախկին ընդդիմության ներկայացուցիչները միտք են արտահայտում, որ իրենց օրակարգում Ռոբերտ Քոչարյանի թեմա չկա, գուցե արդեն՝ եթե չկա Քոչարյան Ռոբերտի թեմա, չկա նաև Մարտի 1-ի թեմա։ Եվ դրանով է պայմանավորված և միջազգային կառույցների պահվածքը այս հարցի շուրջ (եթե հիշենք նախկինում ինչպիսի ակտիվությամբ էին պահանջում գործի բացահայտումը), և այսօրվա մեր քաղաքական համակարգի մոտեցումները Մարտի 1-ի նկատմամբ։ Դա է արդյունքը։ Գուցե պետք է սկսել Ռոբերտ Քոչարյանից, որպեսզի Մարտի 1-ի թեման նորից դառնա քննարկման թեմա»,- ամփոփեց Փաստահավաք խմբի նախկին անդամը։

XS
SM
MD
LG