Մատչելիության հղումներ

Քերրին Սարգսյանին և Ալիևին կոչ է արել հակամարտության լարման թուլացման մեխանիզմներ գտնել


Առաջիկայում նախատեսված է նաև եռակողմ հանդիպում Ֆրանսիայի առաջնորդի մասնակցությամբ:

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում գտնել հակամարտության լարման թուլացման մեխանիզմներ: Այս ուղերձը երեկ Նյուպորտում կայացած եռակողմ հանդիպմանը նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին փոխանցել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին:

Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնի նախաձեռնությամբ, կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները:

Ամերիկյան պաշտոնական աղբյուրն ընդգծում է, որ Քերին խորը մտահոգություն է հայտնել հրադադարի կնքումից ի վեր ամենամեծ թվով զոհեր արձանագրած վերջին բախումների կապակցությամբ: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Սարգսյանին և Ալիևին հորդորել է խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հավելյալ քայլեր ձեռնարկել իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:

Պետքարտուղարը նաև կոչ է արել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ովքեր պատրաստակամ են օգնել խաղաղ և երկարաժամկետ կարգավորման հասնելու հարցում: Վաշինգտոնում համոզված են, որ բանակցությունները պետք է շարունակել ավելի ֆորմալ ձևաչափով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Շարունակական բանակցությունները անհրաժեշտություն են, որպեսզի կողմերի միջև վստահությունը ամրանա և թափ հաղորդվի գործընթացին, որը կհանգեցնի այն խաղաղությանը, որին արժանի են տարածաշրջանի ժողովուրդները», - Իլհամ Ալիևին և Սերժ Սարգսյանին ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Եռակողմ այս բանակցությունները հաջորդեցին ընդամենը մեկ ամիս առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը:

Առաջիկայում նախատեսված է նաև եռակողմ հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրի՝ Ֆրանսիայի առաջնորդի մասնակցությամբ: Այդ մասին Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը պայմանավորվել են երեկ Նյուպորտում ավելի վաղ կայացած հանդիպմանը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, գնահատելով Միացյալ Նահանգների գործադրած ջանքերը, նախ հիշեցրեց, որ Ջոն Քերրին նաև հետաքրքրվածություն և պատրաստակամություն է ցուցաբերել այցելու տարածաշրջան։

«Սա բացառիկ հնարավորություն է Քերրիի համար որպես Մինսկի խմբի համանախագահող ավելի ակտիվ ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցություններում։ Հուսով եմ՝ Ադրբեջանին ուղղված մեսիջն այն է, որ ռազմական գործողություններ ծավալելու պարագայում վատ վարքի համար ոչ մի «պարգև» չկա»,- ասաց փորձագետը։

Առաջիկա ժամերին Նյուպորտում կընդունվի միասնական հռչակագիր, որտեղ, ինչպես և նախորդ տարիներին, անդրադարձ է լինելու նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Երեկ ելույթ ունենալով գագաթնաժողովի ամբիոնից՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է․- «Երկու տարբերակ կա. կա´մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, կա´մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում», - թերևս ակնարկելով Թուրքիային՝ ասել է Սերժ Սարգսյանը։

«Կա´մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա´մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որևէ արժեք չտվող ու նման թղթերից թևեր առնող Ադրբեջանը», - եզրափակել է Հայաստանի նախագահը:

Պաշտոնական Երևանը, ինչպես հայտնի է, դժգոհել է ՆԱՏՕ-ի վերջին մի քանի գագաթնաժողովների ընդունած հռչակագրերից, որտեղ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի մասին պարբերությունում նշվում էր միայն տարածքային ամբողջականության սկզբունքը՝ շրջանցելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Սերժ Սարգսյանը չմասնակցեց 2008, 2010 և 2012 թվականների հավաքներին՝ գագաթնաժողով գործուղելով արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարներին: Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ի վերջին՝ 2012 թվականին Չիկագոյում կայացած գագաթնաժողովի հռչակագրում տարածքային ամբողջականության սկզբունքից բացի շեշտվել էին նաև միջազգային իրավունքի նորմերը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտը:

XS
SM
MD
LG