Մատչելիության հղումներ

Մինսկում մեկնարկել են բանակցությունները ուկրաինական ճգնաժամի շուրջ


Բելառուսի մայրաքաղաքում մեկնարկել են Կիևի իշխանությունների և ռուսամետ ապստամբների ներկայացուցիչների բանակցությունները՝ Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող բախումները դադարեցնելու և հակամարտությունը կարգավորելուն ուղղված քայլեր մշակելու շուրջ:

Բանակցություններին մասնակցում են նաև Ռուսաստանի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայացուցիչները:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և ռուսամետ անջատականների առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են հրադադար կնքել, եթե համաձայնություն ձեռք բերվի արդեն հինգ ամիս շարունակվող հակամարտության կարգավորման հարցում:

Բանակցությունները հաջորդում են Պորոշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած հեռախոսազրույցին, որի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են ավելի քան 2600 մարդկային կյանքեր խլած ճգնաժամի կարգավորման ուղիները:

Նախքան բանակցությունների մեկնարկը Ուկրաինան ներկայացնող Լեոնիդ Կուչման և Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Զուրաբովը հույս են հայտնել, որ այսօր կհաջողվի կնքել հակամարտության կարգավորման և հրադադարի հաստատման մասին համաձայնագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG