Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի առաջնորդները դատապարտում են Ռուսաստանին ու իսլամիստ ծայրահեղականներին


Այսօր ավարտվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Մինչ այս պահը հնչած ելույթներում հիմնական շեշտադրումները վերաբերում են Ուկրաինայի իրավիճակին ու Ռուսաստանի ագրեսիայի ֆոնին՝ դաշնակիցներին պաշտպանելու՝ ՆԱՏՕ-ի հանձնառությանը:

Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը հայտարարեց, թե բռնազավթելով Ղրիմն ու զորքեր մտցնելով Ուկրաինայի արևելյան շրջաններ՝ Ռուսաստանը արհամարհում է օրենքները: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է վերահաստատի դաշնակիցներին՝ ներառյալ Արևելյան Եվրոպայի անդամներին պաշտպանելու իր հանձնառությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք դուռը բաց պահի այն երկրների համար, որոնք ցանկանում են և ընդունակ են անդամակցելու դաշինքին՝ հասկացնելով, որ թեկնածուների շարքից չպետք ընդմիշտ հանել Ուկրաինային:

Ռուսաստանը կտրուկ է դեմ է ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերությունների մերձեցմանը, դեմ է Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների այն գաղափարին, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ում հատուկ կարգավիճակ ունենա՝ ձգտելով հետագա լիարժեք անդամակցությանը:

Մոսկվան շարունակում է պնդել, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուսական զորքեր չկան:

Սեպտեմբերի 4-ին՝ գագաթաժողովի առաջին օրը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու դաշինքի առանցքային անդամ երկրների ղեկավարների, ներկայացուցիչների հետ:

Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երկկողմ հանդիպումից հետո գագաթաժողովի իր ելույթում ասել է, որ հրադադարի մասին նախկին հայտարարությունները Ռուսաստանը օգտագործել է որպես ծխածածկույթ՝ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացումը շարունակելու համար: Նա հայտնել է, որ դաշինքը ֆինանսական լրացուցիչ օգնություն կտրամադրի Կիևին:

Ուկրաինային ՆԱՏՕ-ի օգնությունը չի ենթադրում մահաբեր զենքերի տրամադրում:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առանցքային խնդիրներից մեկը իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարը համակարգելու հարցերն են:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կոչ է արել իսլամիստ զինյալ խմբավորումների դեմ ծրագիր մշակել ու այս ամսվա վերջին այն ներկայացնել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները դատապարտում են իսլամիստ ծայրահեղականների վայրենի գործողությունները:

Իսլամական պետություն խմբավորման զինյալները գրավել են Իրաքի ու Սիրիայի տարածքների մի մասը ու իսլամական խալիֆաթ հռչակելով՝ էթնիկական զտումներ են կատարում՝ սպանելով հազարավոր մարդկանց ու դաժան մահապատիժների ենթարկում խաղաղ ազգաբնակչությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG