Մատչելիության հղումներ

Ադրբեջանը փորձում է արգելափակել մարդու իրավունքներին նվիրված եվրոպական ամենախոշոր վեհաժողովը


Ավստրիա - Դեսպան Դանիել Բայերը ելույթ է ունենում ԵԱՀԿ-ի Ինտերնետ 2013 համաժողովում, Վիեննա, 15-ը փետրվարի, 2013թ․

Ավստրիա - Դեսպան Դանիել Բայերը ելույթ է ունենում ԵԱՀԿ-ի Ինտերնետ 2013 համաժողովում, Վիեննա, 15-ը փետրվարի, 2013թ․

ԵԱՀԿ Մարդու իրավունքների ամենամյա վեհաժողովի օրակարգում քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնություններն ու հալածանքներն են:

Ադրբեջանն ու Վատիկանը արգելափակում են ԵԱՀԿ Մարդու իրավունքների ամենամյա վեհաժողովը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Դանիել Բայերը Թվիթերի իր միկրոբլոգում:

Այնուհետև, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, Բայերը ավելացրել է, որ Վատիկանը դեմ է խտրականության հետ կապված հարցերի քննարկմանը:

ԵԱՀԿ Մարդու իրավունքների ամենամյա վեհաժողովը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 3-ը՝ Վարշավայում: Այն համարվում է Եվրոպական խոշորագույն ամենամյա մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով վեհաժողովը, որի կազմակերպիչը ԵԱՀԿ-ի ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների հարցերով գրասենյակն է: Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ շարունակվող հալածանքների հարցը նույնպես ընդգրկված է վեհաժողովի օրակարգում:

Պաշտոնական Բաքուն առայժմ չի արձագանքել ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների այս հայտարարությանը:

Մինչ այդ Դենիել Բայերը հանդես էր եկել մեկ այլ հայտարարությամբ, որում խստորեն քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների հանդեպ ճնշումների համար:

«Մենք ուշադիր կերպով հետևում էինք, թե ինչ արձագանք կլինի Ադրբեջանից Եվրամիության կողմից հնչեցրած մտահոգությանը՝ քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունների, հետաքննությունների և դատավճիռների առնչությամբ: Խոստովանենք, որ Ադրբեջանի բացատրությունները համոզիչ չէին», - ասել էր ամերիկացի դեսպանը՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը գործել մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների համաձայն, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:

Այս հայտարարությանն ի պատասխան՝ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը Եվրամիությանն ու Միացյալ Նահանգներին մեղադրել էր մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ ԵԱՀԿ-ի անդամ երկրների գործերին խառնվելու մեջ:

Բաքուն ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանից դժգոհելու մեկ այլ առիթ էլ ուներ․ հուլիս ամսին Բաքվում տեղի ունեցած մի համաժողովի ընթացքում ամերիկացի դեսպանը Ադրբեջանում ԵԱՀԿ նախագծերի համակարգող Ալեքսիս Շախտախտինսկուն բավական կոշտ տոնով հիշեցրել էր, որ նա՝ «Ադրբեջանի կառավարության աշխատակիցը չէ»:

«Ես նկատել եմ ձեր երկու լուսանկարները, և երկուսն էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարարի հետ են: Մինչդեռ ես չեմ տեսել ձեր լուսանկարները քաղաքացիական հասարակության որևէ ներկայացուցչի հետ: Կցանկանայի պարզապես ձեզ հիշեցնել, որ թեև, անկասկած, ընդունող կողմի կառավարության հետ խորհրդակցությունները ձեր աշխատանքի կարևոր մասն են կազմում, սակայն դուք աշխատում եք մեզ բոլորիս համար և աշխատում եք` ղեկավարվելով այս կազմակերպության հիմքում ընկած արժեքներով, իսկ ձեր ղեկավարը Ադրբեջանի կառավարությունը չէ», - ասել էր ամերիկացի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG