Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ


Կառավարությունը խոստովանում է, որ դեռևս չի կարողանում լուծել արդեն շուրջ չորս տարի պարապուրդի մատնված «Նաիրիտ»-ի ճակատագիրը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր Կառավարության շենքի մոտ բողոքող նաիրիտցիներին տեղեկացրեց, որ իրենք որևէ տեղեկություն չունեն «Ռոսնեֆտ» ընկերությունից, որն այժմ հայտնվել է Արևմուտքի պատժամիջոցների տակ:

Հայաստանի կառավարությունը, հիշեցնենք, ռուսաստանյան այս ընկերության հետ էր կապում քիմիկական հսկայի վերագործարկման հույսը: Զախարյանն ավելի վաղ ասել էր, որ ընկերությունից առաջարկներ և մոնիտորինգի արդյունքներ են սպասում մինչև օգոստոսի վերջը:

«Եվ ինձ թվում է, որ «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագիրը մենք ձեզ հետ միասին չպիտի կապենք միայն «Ռոսնեֆտ»-ի հետ: Մենք մեր լուծումները և առաջարկությունները նույնպես պիտի ունենանք: Մենք սեպտեմբերի 15-ին կներկայացնենք որոշակի առաջարկությունների փաթեթ: Միասին կքննարկենք, որոշում կկայացնենք», - ցուցարարներին խոստացավ նախարարը:

Մեկուկես տարվա աշխատավարձ չստացած նաիրիտցիները, սակայն, նախարարից հստակ պատասխան էին պահանջում․ եթե դեռ հստակ չէ «Նաիրիտ»-ի ապագան, ապա ի՞նչ երաշխիք կա, որ իրենք երբևէ կստանան իրենց աշխատավարձերը:

Զախարյանը ևս մեկ խոստում տվեց՝ այս անգամ հորդորելով սպասել մինչև սեպտմեբրի 15-ը: Սա հարուցեց հավաքվածների խիստ դժգոհությունը, ու նրանք պահանջեցին հանդիպում վարչապետի հետ:

Վարչապետը ցուցարարների մոտ չիջավ: Բորոքված կրքերը հանդարտեցնելու համար «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը խոստացավ նամակով դիմել Հովիկ Աբրահամյանին:

Տարիներ շարունակ առանց վարձատրության աշխատող մարդիկ, սակայն, խնդրի լուծում էին ուզում հենց հիմա: Ոմանք անգամ առաջարկում էին փակել Հանրապետության հրապարակը, դիմել քաղաքացիական անհնազանդության այլ միջոցների:

Արհմիության նախագահը նրանց զգուշացրեց, որ իրենց բոյկոտը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի անվտանգության վրա:

Նաիրիտցիների այսօրվա բողոքն ավարտվեց մեկ ամվսա աշխատավարձ ստանալու խոստումով: Նրանցից շատերը, սակայն, այլևս որևէ խոստման չեն հավատում:

Խորհրդային տարիներին քիմիական արդյունաբերության հսկա «Նաիրիտ»-ի մոտ 2000 աշխատակիցներ այսօր հարկադիր պարապուրդի մեջ են: Գործարանը 13 միլիոն դոլար շխատավարձի պարտք ունի:

XS
SM
MD
LG