Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը ներկայացրել է Քրեակատարողական վարչության նորանշանակ պետին


ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանին:

Նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Հովհաննես Մանուկյանը երկարամյա ծառայության կապակցությամբ շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական վարչության նախկին ղեկավար Հայկ Հարությունյանին, ով չէր կարողացել ներկայանալ հանդիպմանը, և նորանշանակ պետին խնդրել է Հայկ Հարությունյանի սկսած բոլոր դրական ծրագրերն ու նախաձեռնությունները շարունակել:

Նախարարը հիշեցրել է, որ ամիսներ առաջ հաստատված ՀՀ կառավարության ծրագրում անդրադարձ կա նաև քրեակատարողական համակարգի գործունեության բարելավմանն ու բարեփոխմանն ուղղված աշխատանքներին՝ մասնավորապես այլընտրանքային պատժամիջոցների ներդրմանը, որի վերաբերյալ օրենսդրական աշխատանքներն արդեն սկսվել են և համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարվա առաջին կիսամյակում արդեն կունենանք կայացած Ծառայություն:

«Մեր առջև նպատակ ունենք բարելավել քրեակատարողական համակարգն ու դատապարտյալների կենցաղային պայմանները: Առաջիկայում շահագործման կհանձնենք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը բավականին կթեթևացնի գործող քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը: Ընդհանրապես, կարծում եմ, առաջիկա ամիսներին լուրջ անելիքներ ունենք՝ հասկանալու, թե ո՞ր ուղղություններն ուսումնասիրման անհրաժեշտություն ունեն, որո՞նց ուղղությամբ պետք է օրենսդրական բարեփոխումներ իրականացվեն»,- նշել է Հովհաննես Մանուկյանը՝ վստահություն հայտնելով, որ Արթուր Օսիկյանն այս հարցերի լուծման ճանապարհներն առաջիկայում կունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG