Մատչելիության հղումներ

logo-print

Հուլիսի 1-ից Հայաստանի մոտ 40 հազար ուսուցիչներից կբարձրանա միայն 25 հազարի աշխատավարձը:

Չնայած կառավարությունը խոստացել էր հուլիսի 1-ից 9 տոկոսով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, հազարավոր ուսուցիչներ այդպես էլ այդ խոստման արդյունքը չտեսան:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը փաստում է, որ կառավարությունը հերթական անգամ խոստումը չկատարեց, ավելին՝ իշխանությունները անհավասար վերաբերմունք դրսևորեցին մարդկանց նկատմամբ. նույն գործն անող մեկի աշխատավարձը բարձրացրին, մյուսինը՝ թողեցին անփոփոխ:

«Բոլորից հետաքրքրվել եմ, տարբեր մարզերից, որևէ մեկի աշխատավարձը 1 լումայով չի բարձրացել: Դպրոցի տնօրեններ էլ են եղել անհանգստացողների մեջ և ասել են՝ ո՞նց բարձրացնեմ, երբ կառավարությունը որոշել է 9 տոկոսով բարձրացնել, մինչդեռ 1 տոկոս իմ բյուջեին փող չի ավելացրել», - ասաց Անահիտ Բախշյանը:

Կառավարությունը, մինչդեռ, չի ընդունում իր հասցեին հնչող մեղադրանքները:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պնդում է, թե ինչ խոստացել, արել են. բարձրացրել են այն մարդկանց աշխատավարձը, ում կարիքը պետությունն ունի: Թե ինչ պիտի անեն նվազագույնից էլ ցածր աշխատավարձ ստացող մյուս ուսուցիչները, նախարարը չի հստակեցրել՝ այդ ծանր որոշումը թողնելով դպրոցների ղեկավարության ուսերին:

«Կամ անցնենք կրճատումների, բայց ինքներդ կրճատեք, իմ վրա չթողնեք, կամ էս է: Զուտ ֆինանսական, չոր ֆինանսական սկզբունքով հազարավոր մարդիկ պետք է կրճատվեին, բայց մենք հասկանում ենք, որ ունենք սոցիալական պատասխանատվություն», - ասաց նախարարը:

Թիվ 149 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Գալստյանը «Ազատության» հետ զրույցում խոստովանեց, որ նախարարության գլուխկոտրուկը իրենք դեռ չեն լուծել: Մինչև այսօր պետբյուջեից դպրոցի ստացած գումարի չափը չի փոխվել, և իրենց համար անհայտ է, թե ինչպես են ապահովելու կառավարության խոստացած աշխատավարձի թեկուզ չնչին բարձրացումը:

Գալստյանն ասում է, որ տարեցտարի աշակերտների թիվը կրճատվում է, հետևաբար՝ նվազում է նաև իրենց բյուջեն, քանի որ պետությունը դպրոցին վճարում է երեխաների թվաքանակով: Արդյունքում տնօրինությունն այսօր կանգնած է դժվար երկընտրանքի առջև՝ կամ պետք է հեռացնեն ուսուցիչներին, կամ սպասեն աշակերտների ավելացմանը: Իրենք ընտրել են երկրորդ տարբերակը: Տնօրենի խոսքով՝ իրենց ուսուցիչները ստիպված կես դրույքաչափով են աշխատում:

Երևանի թիվ 94 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը ևս նշեց, որ չնայած կառավարության խոստումներին, իրենք պետությունից որևէ լումա ավելի չեն ստացել և բյուջեի սղության պատճառով ստիպված են խտրական վերաբերմունք դրսևորել՝ բարձրացնելով միայն մի քանիսի աշխատավարձը:

«Մասնագիտական հոսքային դասարաններում դասավանդող ուսուցիչների աշխատավարձի մասով երևի թե կլինի մի փոքր բարձրացում, բայց դա, նորից ասում եմ, կապված է աշակերտների թվի հետ», - ասաց Վարդանյանը:

Օվսաննա Հարությունյանը, ով երկար տարիներ աշխատում է դպրոցում, չի կարողանում հասկանալ, թե ինչու է պետությունը նման խտրական վերաբերմունք դրսևորում նույն ժամաքանակով, նույն պայմաններով աշխատող մանկավարժների նկատմաբ այն դեպքում, երբ հուլիսի 1ից առանց այդ էլ ցածր՝ 30-40 հազար դրամ աշխատավարձից սոցվճարի պահում է կատարում անխտիր բոլորից:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG