Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա որոշմամբ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստում հայտարարեց, որ արդեն նախկին մարզպետ Հակոբյանին նշանակելու է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Այս պաշտոնը մինչև այս փոխատեղումը զբաղեցնում էր Անդրանիկ Անդրեասյանը, ով օրեր առաջ ազատվեց` դարձյալ իր դիմումի համաձայն:

Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն, այժմ կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի որդին է: Նա ունի հավատարմագրային կառավարման հանձնած բիզնեսներ ու, ըստ ներկայացրած հայտարարագրի, միլիարդատեր է:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշանակվել էր անցած տարվա հուլիսին` փոխարինելով Գորիսում իր տան մոտ մահացու ելքով փոխհրաձգությունից մի քանի օր հետո հրաժարական տված Սուրիկ Խաչատրյանին:

Նշենք, որ Հակոբյանի պաշտոնաթողությունը անակնկալ էր մարզպետարանի աշխատակիցների համար:

Հակոբյանին մարզպետի պաշտոնում նշանակելուց հետո լուրեր էին շրջանառվում, որ նա երկար չի զբաղեցնի այն, քանի որ նախկին մարզպետ Խաչատրյանը դժվար թե զիջի դիրքերը Սյունիքի մարզում, որը ղեկավարել էր ավելի քան ինը տարի:

«Ազատության» հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց իր, որդիների կամ մերձավորներից մեկի նշանակումը մարզպետի պաշտոնում․ - «Ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև ես նման առաջարկություն չեմ ստացել, ոչ մի բանից տեղյակ չեմ»:

Հարցին, թե ինչպես կվարվի առաջարկություն լինելու դեպքում, արձագանքեց․ - «Չգիտեմ ինչ ասեմ: Եթե մի բան ես չեմ սպասում, ես խի՞ ենթադրություն անեմ»:

Օրերս պատասխանելով լրագրողների հարցին` Սուրիկ Խաչատրյանը չէր բացառել, որ առաջիկայում կանցնի նոր աշխատանքի:

Պաշտոնյաները կարող են դատի տալ իրենց մանրադրամներ նետած ակտիվիստներին

Այսօր կրկին բարձրաստիճան պաշտոնյաների քննարկման առարկա դարձավ քաղաքացիների կողմից իրենց հասցեին հնչող քննադատության թեման։ Դեռևս երկու ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սադրիչ ու սանձարձակ համարելով «իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը», հանձնարարել էր Արդարադատության նախարարին ու ոստիկանապետին՝ օրենսդրական ու կազմակերպական լուծումներ առաջարկել։ Դրանից մեկ շաբաթ առաջ, հիշեցնենք, «Դ!եմ եմ» շարժման ակտիվիստները մանրադրամներ էին նետել պատգամավորների ու նախարարների ուղղությամբ։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հայտարարեց, որ օրենսդրական կարգավորումները բավարար են, որպեսզի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պաշտպանեն իրենց պատիվն ու արժանապատվությունը։

Նախարար Մանուկյանը ուսումնասիրել է նաև պաշտոնյաներին քննադատության ենթարկելու հարցերով Եվրադատարանի որոշումները․ - «Ակնհայտ է, որ, ըստ Եվրոպական դատարանի, վերջիններս հանրության համար հետաքրքրություն և կարևորություն ներկայացնող անձինք են: Ենթադրվում է, որ այս անձինք պետք է գիտակցեն, որ իրենց կողմից կատարաված գործողությունը կամ արտաբերած յուրաքանչյուր բառ ցանկացած պահի կարող է սուր և բացասական արձագանքի հանգեցնել: Բառացի մեջբերում եմ կատարում Եվրադատարանի որոշումից․ «Ի տարբերություն վերջիններիս (այսինքն՝ մասնավոր անձանց), քաղաքական գործիչներն անխուսափելիորեն և գիտակցաբար իրենց յուրաքանչյուր արարք և խոսք հանձնում են բաց հասարակության և լրագրողների դատին: Հետևաբար նրանք պետք է ցուցաբերեն հանդուրժողականության բարձր մակարդակ»»:

Փոխարենը, Եվրադատարանը արդարացի չի համարել քաղաքական գործչի անձնական կյանքին առնչվող որոշ արտահայտություններ․ - «Այսպիսով Եվրոպական դատարանի իրավական չափանիշների, չափորոշիչների ուսումնասիրությունը վկայում է, որ առաջին՝ հանրային խոսքի ազատության իրավունքը պետք է սահմանափակել բոլոր այն դեպքերում, երբ սուր քննադատությունը ինքնին բխում է տիրող քաղաքական իրավիճակից, քննարկվող հարցի՝ հանրության համար խիստ հետաքրքրությունից ու կարևորությունից և ամենևին նպատակ չունի նսեմացնել կամ որևէ այլ կերպ վիրավորել քաղաքական գործչին՝ որպես անհատի: Երկրորդ․ հասարակական-քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների դեմ ուղղված քննադատության սահմանները առավել լայն են, քան մասնավոր անձանց դեպքում»:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս համակարծիք է. ասաց, թե այսօրվա իրավական բազան բավարար է, որ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պաշտպանեն իրենց իրավունքները․ - «Մենք պետք է պրակտիկա դարձնենք, և պաշտոնական անձինք չկաշկանդվեն իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու հարցերով դատարան դիմելու համար»:

XS
SM
MD
LG