Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները կպաշտպանի Արևելյան Եվրոպայի իր դաշնակիցներին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի այցը Էստոնիա հատուկ նշանակություն ունի եվրոպական անվտանգության համար: Նա պետք է հստակ ուղերձ հղեր բալթյան այս հանրապետությունից, որ ԱՄՆ-ը՝ ՆԱՏՕ-ի ամենազորեղ անդամը, օգնության կգա բալթյան երկրներին արտաքին ագրեսիայի դեպքում:

Ինչպես և անկնալվում էր, այդպիսի հայտարարություն հնչեց․ - «Իբրև ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ մենք պարտավորություն ունենք մեր հավաքական անվտանգության հինգերորդ հոդվածի համաձայն: Դա մի պարտավորություն է, որը անխափան է, անփոփոխ և մշտական: Եվ Էստոնիան երբեք միայնակ չի մնա»:

Թեև բալթյան երկրները, Լեհաստանը և Արևելյան Եվրոպայի մյուս երկրները ՆԱՏՕ-ի անդամ են, այդ երկրների մայրաքաղաքներում վստահություն չկա, թե արդյոք ՆԱՏՕ-ն կգործադրի նշված հոդվածը և կպաշտպանի իրենց Ռուսաստանի հնարավոր ներխուժման դեպքում:

Օբամայի այս հայտարարությունը հասցեագրված էր հենց Ռուսաստանին և նպատակ ուներ հասկացնել Կրեմլին, որ ՆԱՏՕ-ն պաշտպանելու է իր բոլոր անդամներին, այդ թվում՝ Ռուսաստանի անմիջական հարևաններին:

Հինգշաբթի օրը Ուելսի Նյուպորտ քաղաքում բացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին նախկին Խորհրդային Միության հանրապետությունում Օբամայի հայտարարությունները խորհրդանշական կշիռ ունեն:

Միացյալ Նահանգների նախագահն ասել է նաև, որ կաջակցի Էստոնիայի ռազմաբազաներում ամերիկյան օդուժի և զորքերի ռոտացիոն կարգով տեղակայմանը:

Բարաք Օբաման իր աջակցությունը հայտնեց նաև Ուկրաինային՝ նշելով, թե ամեն ինչ կանի, որ միջազգային համայնքն օժանդակի այդ երկրի տնտեսությանը մոտ ապագայում: «Եվ այս ջանքերից զուգահեռ մենք կշարունակենք մեր հանձնառությունը ՆԱՏՕ - Ուկրաինա հարաբերությունների զարգացման հարցում: Թեև նրանք ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց մենք մշտապես աշխատել ենք նրանց զինված ուժերի հետ: Նրանք պետք է զգան մեր աջակցությունը ոչ միայն խոսքով, այլև գործով», - հավելել է Միացյալ Նահանգների նախագահը:

Եվ իհարկե, Օբաման այսօր արձագանքեց Կրեմլից հնչած՝ հրադադարի մասին հայտարարությանը․ - «Մենք առայժմ չենք տեսել հրադադարին հետևող քայլեր: Բայց եթե Ռուսաստանը պատրաստ լինի դադարեցնել Ուկրաինայի արևելքում գործող [անջատողականների] ֆինանսավորումը, զինումը և ուսուցումը, և մենք տեսնենք, որ քաղաքական կարգավորման լուրջ մտադրություն կա, ապա դա կլինի այն, ինչի համար մենք հույսեր ենք տածում»:

Վաղը Ուելսում սկսվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգի գլխավոր հարցը հենց Ռուսաստանն է, նաև ուկրաինական ճգնաժամը: Դաշինքը պետք է փորձի վերաիմաստավորել իր առաքելությունը՝ ելնելով եվրոպական անվտանգության արդի իրավիճակից:

«Պատրանքներ չպետք է ունենալ: Ռուսաստանը մեզ չի համարում իր գործընկերը: Ռուսաստանը մեզ համարում է հակառակորդ, և մենք պետք է հարմարվենք դրան»․ - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի՝ օրերս արած այս հայտարարությունը կարող է ծրագրային նոր դրույթ դառնալ Ուելսի գագաթնաժողովում:

XS
SM
MD
LG