Մատչելիության հղումներ

logo-print

Հյուսիսային պողոտան շահագործման կհանձնվի երկու ամիս ուշացումով


Իտալական սալիկներով զարդարված Հյուսիսային պողոտան շահագործման կհանձնվի երկու ամիս ուշացմամբ, քանի որ սալիկները ժամանակին չեն ներկրվել Հայաստան։

Ընդամենը մեկ ամիս առաջ Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը խոստացել էր, որ գլխավոր պողոտան պատրաստ կլինի օգոստոսի վերջին, այսօր սակայն, խոստովանեց՝ ժամկետները ուշանում են սալիկների պատճառով։ Թե որ կազմակերպությունն էր պատասխանատու ներկրման համար, փոխքաղաքապետը չկարողացավ նշել, փոխարենը հստակ նշեց, որ դրա համար անհրաժեշտ շինանյութը ուշ ներկրելու համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

«Ոչ թե պետք է մեղավորներ փնտրել, այլ պետք է ուղղակի «Տաշիր գրուպ» ընկերությանը, մասնավորապես, Սամվել Կարապետյանին շնորհակալություն հայտնել այս գեղեցիկ նվերը Երևանին մատուցելու համար»,- ասաց Օհանյանը։

Հյուսիսային պողոտայի վերակառուցման համար 6 միլիոն դոլար է հատկացրել ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ը, որը պողոտայի ստորգետնյա հատվածում առևտրի և ժամանցի կենտրոն կառուցելու թույլտվություն է ստացել։

Հիմա արդեն քաղաքապետարանը նոր ժամկետ է նշում՝ խոստանալով պողոտան շահագործման հանձնել հոկտեմբերին. քաղաքային իշխանությունները նաև վստահեցնում են, թե այս անգամ ուշի ուշով են հետևելու որակին՝ ընդունելով, որ ընդամենը մի քանի տարի առաջ կառուցված պողոտան վերակառուցման է ենթարկվում անորակության պատճառով, և սրա համար ևս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

Պողոտայի նախագծի հեղինակ, ներկայումս քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը որպես անորակության պատճառ օրերս նշել էր, թե մարդաշատ պողոտայում ծածկը մարդկանց մեծ հոսքերի համար նախատեսված չի եղել։

Ճարտարապետ Զոհրաբ Բաուերը չի պատկերացնում, թե ինչպես կարող էր հետիոտնի համար կառուցված պողոտան մարդկանց մեծ հոսքի համար նախատեսված չլինել։ Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ պողոտան կառուցել են ցածրորակ շինանյութով։

«Սկսենք նրանից, որ նախ և առաջ պե՛տք է նախատեսված լիներ։ Եթե նախատեսված չէր, ուրեմն ի սկզբանե որոշակի շեղումներ կամ անհամապատասխանություններ են եղել, որովհետև դրսում օգտագործվող նյութերը պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների, այսինք պետք է ունենան մաշվածության բարձր աստիճան»,- ասաց Բաուերը։

Ճարտարապետի խոսքով՝ տեսականորեն պողոտայի վերակառուցման աշխատանքները կարելի էր այնպես կազմակերպել, որ դրանք ավարտվեին ոչ թե նախապես սահմանված օգոստոս ամսին, այլ դեռ մի բան էլ շուտ։ Բացի այդ, Բաուերի խոսքով շինարարությունը բազմաթիվ խախտումներով է ընթանում.- «Մի քանի օր առաջ այստեղ շատ մարդ կար, ու հանկարծ քամի բարձրացավ, ու ոտք տակ եղած ողջ հողը այնպես բարձրացավ օդ, որ գետինը ուղղակի փայլեց։ Մենք բոլորս կեղտ ու փոշու մեջ գնացինք տուն՝ լոգանք ընդունելու... նույնիսկ փոշուց պաշտպանվելու ամենատարրական պատնեշները նախատեսված չեն»։

Այն, որ շինհրապարակը պետք է ցանկապատված լիներ սահմանված է նաև Երևանի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի որոշմամբ։

Հյուսիսային պողոտայի շինաշխատանքները վերահսկում է Երևանի քաղաքապետարանը. փոխքաղաքապետը ասաց, որ այս աշխատանքները վտանգավոր չեն քաղաքացիների համար, և այն բաց կարգով կազմակերպելը պարզապես ավելի հարմար է։

XS
SM
MD
LG