Մատչելիության հղումներ

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահությունն այսօր բաց նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ իր մտահոգությունը հայտնելով այն փաստի վերաբերյալ, որ ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում «բազմաթիվ երիտասարդ դասախոսներ դիմում են գրում աշխատանքից ազատվելու խնդրանքով»:

«Քանի որ Երևանի պետական համալսարանի կազմակերպաիրավական ձևը հենց պետական ոչ առևտրային կազմակերպությունն է (ՊՈԱԿ), ԵՊՀ-ում համատեղությամբ աշխատող դասախոսները չեն կարող հրաժարվել իրենց հիմնական աշխատավայրից կատարվող սոցիալական վճարից: Այս պատճառով բազմաթիվ երիտասարդ դասախոսներ դիմում են գրում աշխատանքից ազատվելու խնդրանքով, քանի որ նրանց հիմնական աշխատավայրից հաճախ կատարվող սոցիալական վճարը գերազանցում է ԵՊՀ-ում նրանց աշխատավարձը, և նրանք չեն ցանկանում կատարել սոցիալական վճարներ»,- ասված է նամակում։

«ԵՊՀ կոլեկտիվը մտահոգված է այս խնդրով, քանզի ՀՀ-ում գործող ոչ պետական առաջատար ընկերություններում և խոշոր հիմնարկ-ձեռնարկություններում աշխատող երիտասարդների արտահոսքը ԵՊՀ-ից կարող է ունենալ զգալի ազդեցություն կրթության որակի անկման, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և սերնդափոխության վրա»:

«ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անունից խնդրում եմ Ձեզ ձեռնարկել խնդրո առարկա հարցերի լուծմանն ուղղված քայլեր», - մասնավորապես ասված է նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG