Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Թագավորություն


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Նախագահի մամլո ծառայությունը փոխանցում է, որ Սարգսյանը Նյուպորտում կմասնակցի սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:

Սեպտեմբերի 4-ի երեկոյան հանդիպման մասնակիցների համար կտրվի ընդունելություն Ուելսի արքայազն Չարլզի անունից և ոչ պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների:

ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս հանդիպմանը կամփոփվեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները և կնախանշվեն նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները:


Հայաստանը, 2010 թվականից ի վեր լինելով միջազգային այդ առաքելության մասնակից և միջազգային ուժերի կազմում տեղակայելով մինչև 126 հոգանոց զորախումբ, իր ներդրումն է ունեցել Աֆղանստանում անվտանգության ու ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին և հանձնառու է շարունակելու մասնակցությունը նոր առաքելության շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG